ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ահռելի գումար՝ մոտ 4,5 մլն դոլարին համարժեք դրամ, հատկացվելու է միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերը ներկայացնելու համար: Հետաքրքիր է, որ այս հարցը կառավարության վերջին նիստում ներառված էր չզեկուցվողների ցանկում, քանի որ, պարզվում է՝ պարունակում է հույժ գաղտնի կետեր: Գումարը, ըստ նախագծի, ծախսվելու է միջազգային արբիտրաժներում եւ ՄԻԵԴ-ում քննվող գործերով փաստաբանական եւ իրավաբանական ծառայությունների համար, նաեւ այդ եւ մյուս ատյանների ընդունած որոշումների կատարումն ապահովելու նպատակով:

Որոշումը կազմել է Փաշինյանի ամենահավատարիմը՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որին բնորոշ է անփույթ վերաբերմունքն իրավական ակտերի նկատմամբ: Ո՛չ «Հիմնավորում» կոչվող փաստաթղթում, ո՛չ էլ ֆինանսների նախարարության կազմած «Ամփոփաթերթ» կոչվող փաստաթղթում որեւէ տեղեկություն չկա, թե, օրինակ, քանի գործով է այսքան գումար տրամադրվում, որ ժամանակահատվածում  քննված կամ քննվող գործերով եւ այլն: Ընդամենը նշված է, որ հիշյալ նպատակներով «առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից» ուղղել 4 մլն 375 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այսինքն՝ մոտ 2,1 մլրդ դրամ:

Ինչո՞ւ է գումարն այսքան մեծ: Մենք փորփրեցինք համացանցը եւ տեսանք, որ, օրինակ, 2021 թվականի առաջին երեք ամիսներին նույն նպատակով հատկացվել է մոտ 500 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 1 միլիոն դոլար: 

Այն ժամանակ ՀՀ Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման շրջանակներում կատարված ծախսերը, արձանագրել էր, որ ճշտված պլանի նկատմամբ բյուջեն կատարվել է 59.4%-ով: Բայցեւայնպես, ինչո՞ւ է այս անգամ միջազգային վեճերում ու դատական գործընթացներում Հայաստանի պաշտպանությանը նման ահռելի գումար հատկացվել: Պարզաբանում պահանջեցինք արդարադատության նախարարությունից՝ քանի գործով քանի մասնագետ է ներառված, դրսի իրավաբանական կազմակերպությունների հե՞տ են պայմանագրերը, թե՞ հայ փաստաբանների եւ այլն: Պատասխանեցին, որ հարցերն արդարադատության նախարարության գործառույթների տիրույթից դուրս են։

Ըստ նախարար Կարեն Անդրեասյանի խոսնակի, բոլոր հարցերը պետք է ուղղել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, որի աշխատանքին «նախարարությունը չի միջամտում»: Վերջինս կտրականապես հրաժարվեց խոսել՝ ասելով, թե չի կարող որեւէ պարզաբանում տալ: Փաստորեն, պաշտոն զբաղեցնող անձինք թքած ունեն հանրության տեղեկացված լինելու իրավունքի վրա եւ իրենց իրավունքն են համարում գաղտնի կերպով, առանց ՀՀ քաղաքացիներին հաշվետու լինելու, նրանց գրպանից քաշած ահռելի գումարները տնօրինել իրենց հայեցողությամբ: 

«Սովորաբար, գումարը երեք մասի է բաժանվում՝ նյութական վնաս, որը Հայաստանը պարտավոր է փոխհատուցել, ոչ նյութական, բարոյական վնաս, որը էլի պետք է հատուցվի, եւ փաստաբանների գումարը,- բացատրում է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը,- եւ կառավարությունը պարտավոր է մանրամասն հաշվետու լինել: Իհարկե, որոշ դեպքերում ցանկալի չէ հրապարակել, թե որ փաստաբանին որքան է վճարվել, բայց իրենք պարտավոր են հայտնել, թե արդյո՞ք այս գումարի մեջ մտնում են փոխհատուցումները: Նրանք պետք է հաշվետու լինեն: Հո իրենց դուքյանը չի՞, որ ինչ ուզեն, անեն: Գրված է՝ ընդունված որոշումների ապահովման ծրագրի իրականացմանը, բայց մի քիչ խաբուսիկ է գրված, պետք է հստակ լինի»: 

Արդյո՞ք մեծ գումար է 4 մլն դոլարը միջազգային ատյաններում պաշտպանվելու համար: 

«Գումարը մեծ է, թե փոքր, կախված է նրանից, թե քանի գործով է հատկացվում այդ 4 մլն-ն: Որպեսզի հասարակությունը վերահսկողություն կարողանա իրականացնել, որ հաջորդ անգամ նման սխալներ թույլ չտան, պետք է մանրամասն ներկայացվեն ծախսերը: Չեմ ասում՝ պետական գաղտնիքներ բացահայտել, չնայած պետական գաղտնիքներ այս հարցում չկան, սովորական իրավական գործընթաց է, եւ բոլոր որոշումներն ու վճիռները վաղ թե ուշ հրապարակվում են»: Անգամ եթե որոշումը հույժ գաղտնի կետեր է պարունակում, կառավարությունը, ըստ Արա Ղազարյանի, պարտավոր է հատկացումների վերաբերյալ որոշումից քաղվածք հրապարակել: «Նրանք պետք է ասեն, թե որ գործերով է հատկացումն արվում, եւ իմ նշած հոդվածներով որքան է հատկացվում, որպեսզի մենք հասկանանք, թե որտեղ է ՀՀ-ն թերացել, ասենք՝ Ամուլսարո՞վ ենք պարտվել, թե՞ «Սանիտեքով», թե՞ ինչ-որ այլ գործով»: 

Արա Ղազարյանը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են վճարել կառավարության սխալների համար, սակայն նրանց իրավունք չի տրվում գոնե տեղեկանալ, թե ինչի համար են վճարում: «Ամուլսարը երկու-երեք տարով փակեցին, բայց մենք ենք վճարելու դրա համար, պարզից էլ պարզ է: Իշխանությունը ժողովրդի աչքին պուպուշ երեւալու համար ասաց՝ թող մնա, հետո կորոշենք: «Հետո» չկա, որովհետեւ Ամուլսարի հանքի կրեդիտորներն արտասահմանում արդեն բողոքի ակցիա են անում»,- ասում է Ղազարյանը: 

Ովքե՞ր են Հայաստանի շահերը ներկայացնող իրավաբանները, մեր մասնագետնե՞րն են, թե՞ դրսի: Վերջին երեք տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը գերադասում է աշխատել արտասահմանյան իրավաբանական գրասենյակների հետ: Դրանց թվում են իսպանական LINKLATERS S.L.P. ընկերությունը, որը մեզ պաշտպանում է Հյուսիս-հարավի շինարարների՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության դեմ, ամերիկյան STEPTOE & JOHNSON ընկերությունը, Էդմոնդ Խուդյանը եւ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործով, «ՋԱՄՍ» վեճերի այլընտրանքային լուծման կենտրոնը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնսը ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հաշտարարության գործով:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն