Մեջբերում առաջին. «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն, հասարակական տրանսպորտում ծխելու իրավունք չունի ոչ ոք՝ ո՛չ վարորդները, ո՛չ ուղեւորները: 

Դիտարկում։ Ամեն օր օգտվում եմ հասարակական տրանսպորտից: Ծխող ուղեւոր չեմ տեսել, ծխող վարորդ տեսնում եմ ամեն օր: Վարորդ եմ տեսել, որ մեկ երթուղու ընթացքում մեկից ավելի ծխախոտ է ծխում:

Մեջբերում երկրորդ։ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 3-ի եւ 2006 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումների համաձայն, հասարակական կարգը հասարակության մեջ առկա սոցիալական կապերի եւ հարաբերությունների համակցություն է, որը ձեւավորվում է սոցիալական, իրավական եւ բարոյական նորմերի գործողության արդյունքում, եւ յուրաքանչյուր հանցագործություն, զանցանք կամ այլ իրավախախտում այս կամ այն չափով հանգեցնում է դրա խախտմանը։ Հասարակական կարգը հասարակական նշանակության վայրերում՝ տրանսպորտային միջոցների կայանատեղիներ, օդանավակայաններ, շուկաներ, հասարակական տրանսպորտ եւ այլն, քաղաքացիների արժանավայել վարքագիծն է, անձի կամ անձանց ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը։

Մեջբերում երրորդ։ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն, խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով` մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Հետեւություն։ Ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտի երթուղու ընթացքում ծխող վարորդները խուլիգանություն են անում: Սրանք այն վարորդներն են, որոնք բարձր աշխատավարձ ստանալու իրենց պահանջը հիմնավորում էին խոզի միս ուտելու անհրաժեշտությամբ: Փլավ ուտողը չի կարող հուսալի ու ապահով վարորդ լինել՝ ասում էին նրանք ու չէին խոսում իրենց ծխով մարդկանց առողջությանը վնաս հասցնելու մասին, խոզի մսի հագեցնող եւ ուժ տվող ազդեցությունը ծխախոտով չեզոքացնելու ու դեռ մի բան էլ վնաս տալու մասին: Ինքս՝ որպես ուղեւոր, վարորդից պահանջել եմ չծխել: Դեմքի դժգոհ արտահայտությամբ մարել է ծխախոտը, բայց օրեր անց նույն վարորդին էլի տեսել եմ երթուղու ընթացքում ծխելիս: Մինչդեռ ուղեւորը պետք է զերծ լինի նման «գլխացավանքներից»: Պետական առնվազն երեք կառույց ու տեղական ինքնակառավարման մարմինը աշխատավարձ են ստանում նաեւ անծխախոտ տրանսպորտ ապահովելու համար:

«Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետը կազմակերպում է Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքը: Վերն ասվեց, որ այդ աշխատանքը չի ենթադրում ու դեռ արգելում է երթուղու ընթացքում ծխող վարորդներ, բայց նրանք կան, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը թերանում է, աշխատավարձ է ստանում ու չի աշխատում:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պետք է վերահսկի մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտը: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ծխող վարորդը հրդեհի բույն է: Այսինքն, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թերանում է, աշխատավարձ է ստանում ու չի աշխատում:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն էլ պետք է վերահսկի աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառները: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ծխախոտի, անգամ ուրիշի ծխախոտի ծուխը վնասում է առողջությանը: Այսինքն, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն էլ է թերանում՝ աշխատավարձ է ստանում ու չի աշխատում:

«Ոստիկանության մասին» օրենքի երկրորդ հոդվածի համաձայն, հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը, ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելը ոստիկանության խնդիրն է: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, երթուղու ընթացքում ծխող վարորդը խախտում է հասարակական կարգը, խաթարում հասարակական եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը: Այսինքն, ոստիկանությունն էլ է թերանում, աշխատավարձ է ստանում ու չի աշխատում:

Եզրակացություն։ Երթուղու ընթացքում ծխող վարորդներն ուժեղ են պետական եւ համայնքային կառույցներից ու հաղթում են պետությանն ու համայնքին: Կամ, ո՞վ գիտե, գուցե նշված կառույցներում տեղյակ չեն, որ շատ վարորդներ երթուղու ընթացքում ծխում են եւ վտանգում բոլորիս առողջությունը, հասարակական կարգը, դառնում հրդեհի եւ ճանապարհատրանսպորտային պատահարի շարժվող ռիսկ: 

Ինչպես գիտենք՝ մարտի 15-ից արգելվելու է ծխախոտի օգտագործումը նաեւ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա: Մեզանում, կարծես, ընդունված է ինչ-որ որոշումներ ընդունել, սակայն չկիրառել։ Դրա վառ ապացույցը հանրային տրանսպորտում ծխելու դեմ տարվող աշխատանքներն են, ավելի ճիշտ՝ չտարվող աշխատանքները։ 

Ժամեր շարունակ փորձեցինք ճշտել, թե վերջին անգամ երբ է ստուգվել, վերահսկվել հասարակական տրանսպորտը՝ երթուղու ընթացքում ծխող վարորդներ հայտնաբերելու նպատակով, եւ հայտնաբերվե՞լ են արդյոք նմանօրինակ դեպքեր, եթե այո, ի՞նչ գործողություններ են հաջորդել դրանց։ 

Որքան էլ տարակուսելի է՝ այս պարզ հարցին գոնե մեկ սպառիչ պատասխան ստանալ չկարողացանք։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները, լսելով մեր հարցը, սկսեցին մեկը մյուսի վրա բարդել մեզ պատասխանելու «բարդագույն» խնդիրը։ Վարչության պետը տեղում չէ, այսօր աշխատանքի չի գալու։ Դե, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանն արդեն տեւական ժամանակ է՝ չունի մամուլի խոսնակ։

Դիմեցինք նաեւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որտեղ եւս անտեղյակ էին։ Նշեցին, թե իրենք միայն զբաղվում են տրանսպորտային անվտանգության խնդիրներով։ Իսկ թե ինչու ծխելը չի համարվում քաղաքացու անվտանգությանը սպառնացող վտանգ, առնվազն տարակուսելի է եւ անհասկանալի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն