Քաղաքական կամք+տնտեսական հաշվարկ+անվտանգային ռիսկեր․երկաթուղին կկառուցվի
Շատ մոտ ենք՝ արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ փետրվարի հանդիպումն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին․ արձանագրումը Նիկոլ Փաշինյանինն է։ Գործադիրի նիստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ փետրվարի 2-ի հանդիպումից, ասել է, որ Երևանում քննարկվել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:
Ապաշրջափակման գործընթացի ակտիվացմանը զուգահեռ՝ փորձագիտական շրջանակներում քննարկում են դրա ընթացքն ու նաեւ ռիսկերից խոսում։
Պայմանավորվածությունն արդեն կա՝ երկաթուղին պետք է կառուցվի։ Հայտարարությունը վարչապետ Փաշինյանինն է, շեշտադրումը՝ մեկ այլ հանգամանքի վրա եւս․ երկաթուղին ՀՀ տարածքում պետք է գործի Հայաստանի, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Արդեն քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, նաև՝ շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը.
«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու դեպքում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։ Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն կոնկրետ դրսևորումներ է ստանում»։
Հստակ է նաև՝ ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճիշտ է համարում այս փուլում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ, որպեսզի արդեն նախագծման փուլից բացառվեն խնդիրները, ու երկաթուղին շահագործվի առանց խոչընդոտների.
«Կարծում եմ, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է, և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որին նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար»:
Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբն արդեն երկու շաբաթ է՝ ձևավորված է։ Կազմում են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, խորհրդականն ու ոլորտի մասնագետներ։ Աշխատանքային խումբն արդեն եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը։ Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդգծում է՝ ճանապարհային քարտեզն արդեն ուրվագծվում է.
«Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը, առաջին նիստը եղել է, արդեն հանրապետության առանձին պետական գերատեսչությունների և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան, թե ինչպես պետք է համագործակցենք»։
Նոր զարգացումների մասին հայտարարությունը հաջորդում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման շուրջ վերջին քննարկմանը, որը Երևանում էր՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ երկաթուղու կառուցումը կարժենա շուրջ 225 մլն դոլար, ու որ հնարավոր է՝ նախագծի համար Հայաստանի բյուջեից ներդրում անելու կարիք չլինի.
«Այն հատվածները, որոնք մենք պետք է կառուցենք, առնվազն տասնյակ անգամով ավելի էժան են: Այստեղ բարդություն չեմ տեսնում, նախնական գնահատականով՝ 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է: Հայաստանի համար շատ ծանր բեռ չէ: Շատ միջազգային դոնորներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Եվ շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի կոմբինացիաներ, որ նույնիսկ Հայաստանի պետական բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի»։
Երկաթուղային գիծը Հայաստանի տարածքում կլինի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ մոտ 340 կիլոմետր։ Երկաթուղային վետերանների միության նախագահ Լևոն Գրիգորյանը, ով երկաթուղային աշխատանքի բազմամյա փորձ ունի, «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ բացի երկաթգծից, կան նաև կայարաններ, որոնք պետք է վերականգնվեն։ Դրանցից երկուսը հանդիպակաց գնացքների, մյուս երկուսը՝ բեռների բացթողնման համար են նախատեսված.
«Կարճևանի և Մեղրիի կայարանները կարող են աշխատել։ Մենք կունենաք բեռնաբարձում և բեռնաթափում։ Բեռնաբարձումը կարող ենք անմիջապես կազմակերպել։ Եթե Նախիջևանը բացվի, ի դեպ, այն կարող է շատ արագ բացվել, Կարճևան կայարանը նույնպես կարող է բացվել, անմիջապես կարող ենք բեռնաբարձում անել»։
Երկրի հարավային հատվածում՝ Մեղրիում, 41 կմ երկաթգիծն անհրաժեշտ է զրոյից կառուցել՝ ասում է մասնագետը։ Կարճևանի հատվածն է ամենաանմխիթարը։ Երկաթգծի փոխարեն այգի է այդ հատվածում, պետք է մաքրվի ու նոր գիծ կառուցվի։ Այս աշխատանքների համար 1․5 տարի կպահանջվի՝ գնահատում է։
Տնտեսական հաշվարկներով՝ ապաշրջափակումը Հայաստանի տնտեսության օգտին է՝ «Ռադիոլուր»-հետ զրույցում նկատում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։ Նախ շինարարությանը ընթացքում աշխատատեղեր են բացվելու, բացի այդ՝
«Կակտիվանան ներմուծումն ու արտահանումը, բնականաբար, քանի որ ավելի հեշտ կլինի ապրանքների արտահանումը, իսկ գինն ավելի ցածր կլինի՝ ապրանքները ՌԴ-ից դեպի ՀՀ ու այստեղից դեպի Իրան արտահանելը։ Միևնույն ժամանակ պետք է չմոռանանք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ պետություն է, ըստ էության ՀՀ սահմանը վերաբերում է մաքսային միության սահմանին։ Սա նաև շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա ավելի մատչելի գնով ապրանք արտահանել դեպի Ադրբեջան ու ԵԱՏՄ անդամ այլ երկրներ»։
Երկաթուղու վերագործարկման տնտեսական հաշվարկների կողքին ամենակարևոր ու առանցքայինը շարունակում է մնալ անվտանգության հարցը։ Լեւոն Գրիգորյանի խոսքով՝ «Եթե բեռը պակասի, այլ խախտումներ լինեն, պետք է տուգանք վճարեն։ Որևէ երկրի դա ձեռք չի տալիս»։
Փորձագետներն ընդգծում են՝ այստեղ էլ գործում են միջազգային չափորոշիչները։ Օրինակ՝ բեռների մասով․ եթե որևէ երկրի տարածքում վնասվում է կապարակնքված բեռը, ապա տվյալ երկիրը վճարում է դրա համար։ Կապարակնքված բեռն ընդունող երկիրը պարտավոր է այն հաջորդ երկրին նույնությամբ հանձնել։
hy.armradio.am



















