Քովիդով վարակված լինելու փաստը քաղաքացու «Արմեդ» հավելվածում նշվում է կարմիրով,   և  վարակված լինելու ողջ շրջանում QR-կոդը մնում է կարմիր։ Օրերի ընթացքում QR-կոդը պետք է կանաչի, ինչը նշանակում է, որ քաղաքացու մոտ առողջացում կա։ «Արմեդ» համակարգում քաղաքացու տվյալներում նաեւ մոխրագույն տողեր են լինում․ սա երկրից դուրս գալու համար հանձնած քովիդ-թեստերի  բացասական պատասխանի դեպքում է։ Կառավարության վերջին որոշմամբ՝ քովիդ-դրական թեստով մարդը պետք է 7 օր մնա տանը։ Սակայն կան դեպքեր, երբ 7 օր անց «Արմեդ» համակարգում նրա QR-կոդը շարունակում է կարմիր մնալ։ Ստեղծվում է հակասական վիճակ՝ մնալ տա՞նը, թե՞ դուրս գալ։ Ե՞րբ և ի՞նչ ժամանակահատվածում են փոխվում QR կոդի երեք երանգները:

Կարմիր լույս է` կանգնի՛ր, դեղին լույս է` սպասի՛ր, իսկ երբ արդեն կանաչ է, զգուշացիր  և անցիր։ Սա, իհարկե վերաբերում է լուսացույցի գույներին, բայց դրանք կորոնավիրուսի QR կոդի հետ ունեն ընդհանություններ։ Այստեղ էլ  կանաչ «լույսը» բացում է բոլոր ճանապարհները, կարմիրը՝ զգուշացնում՝ մնա տանը։ Կոդը մոխրագույն է, եթե թեստի պատասխանը բացասական է եղել, բայց 72 ժամ անցել է:

Իսկ հիմա՝ ավելի մատչելի։  Եթե ձեր QR կոդը կարմիր է, նշանակում է ձեր քովիդ-թեստի պատասխանը  դրական է, հետևաբար,  ձեր մուտքն  արգելվում է  ժամանցի վայրեր, սրճարաններ և  աշխատավայր։ Բայց, ըստ հիվանդության ընթացքի ու ժամկետերի, «Արմեդ» համակարգի ձեր հավելվածում օրեր անց ավելանում  է  «առողջացում» տողը ու փոխում ձեր առողջական վիճակի «գույնը»․ ուրեմն  դուք այլևս անհանգստանալու կարիք չունեք։ Համակարգի օպերատոր Դիանա․ «Համակարգում  7 օր հետո լինում է «առողջացում» տեղեկատվությունը, ու QR-կոդն արդեն կանաչում է»։   

Կառավարության վերջին որոշմամբ՝ քովիդի  դրական պատասխանով քաղաքացիներն արդեն 7 օր անց կարող են տնից դուրս գալ, եթե պատվաստված են, եթե ոչ՝ 10 օր հետո։ Ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից կրճատվել է,  բայց այդ անցումը դեռ սահուն չի կատարվել՝ «Ռադիոլուրին» ասում է արդեն 7 օր քովիդի պատճառով տանը մնացած քաղաքացին։

«7 օրս լրացել է, ու փաստացի արդեն պիտի աշխատանքի գամ։ Բայց «Արմեդ»-ի հավելվածում իմ QR-կոդը շարունակում է կարմիր մնալ։ Սա նշանակում է, որ դեռ սահմանափակված է իմ մուտքը հանրային մի շարք վայրեր, ու հնարավոր է՝ ես դեռ կարող եմ աշխատանքի գնալով վարակել գործընկերներիս։ Բայց չգնալ էլ չեմ կարող․ բացակաս անհարգելի կդիտվի»։

Որպեսզի դուք  QR -ային գույների մեջ չխճճվեք ու  խնդիրների առաջ չկանգնեք, նման դեպքում պետք է դիմեք  ձեր պոլիկլինիկայի  թերապևտին՝  տեղեկացնելով, որ ձեր ինքնամեկուսացման  ժամկետը լրացել է։ «Արմեդ» համակարգում փոփոխությունը կատարվում է ըստ այդմ։ Ինքնամեկուսացումից դուրս գալու համար քովիդ-թեստ հանձնելը պարտադիր չէ,  այլ քաղաքացու ցանկությամբ։

Չնայած ինքնամեկուսացման ժամկետերը կրճատվել են, բայց «Օմիկրոնի»   տարածումը չի պակասել։ Ջերմություն, կոկորդի ցավ, ձայնի խզում․ այս ախտանշաններով հոսքը պոլիկլինիկաներ շատ մեծ է։ Առողջապահության նախարար  Անահիտ Ավանեսյանը փոխանցում է մասնագետների դիտարկումները՝ պատվաստվածներն  ավելի արագ են վիրուսից ապաքինվում, հիմնականում տանն են բուժվում։  Օմիկրոնը  թոքերը չի ախտահարում, ազդում է վերին շնչուղիների վրա։ «Օմիկրոն» շտամի պատճառով մեր երկրում ամեն օր վարակակիրների քառանիշ թիվ է գրանցվում՝ ավելի քան 4000, չնայած  հոսպիտալացվածները քիչ են՝ մոտ  4 տոկոսը։

«Միանշանակ, չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերել այս շտամին։  Իհարկե, մենք նկատում ենք ծանրության որոշակի թերթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «Դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»։

Կորոնավիրուսի մյուս շտամերի համեմատ՝ «Օմիկրոնից» մահացության ցուցանիշը ցածր է, բայց քանի դեռ մեր երկրում բնակչության 90 տոկոսը չի պատվաստվել, համավարակը չի հեռանա։ Ակնհայտ է պատվաստումների դրական ազդեցությունը պրոցեսների վրա՝ իր հերթին նկատում է վարչապետ Փաշինյանը։

«Ու  այս ալիքը, ըստ ամենայնի, դեռ կաճի, առնվազն առաջիկա 1 շաբաթվա ընթացքում մենք թվերի աճ ենք կանխատեսում։ Եվ մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք դիմակայել այդ աճին»,–ասաց։

Այս պահին ՀՀ-ում   չափահաս բնակչության 46.3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, 37 տոկոսն ամբողջական պատվաստում է ստացել։ Երրորդ դեղաչափ ստանալու դիմողների թիվն ավելանում է։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն