Աշխատատեղերն ու աշխատավարձերը աճել են, բայց բարեկացության վրա չեն ազդել
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատատեղերի ու աշխատավարձերի մասին վիճակագրական տվյալներ է ներկայացրել ։ Մասնավորապես, 2021-ին 2020-ի համեմատ երկրում ավելացել է 37 600 աշխատատեղ, միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 30 000 դրամով, հանրապետության բոլոր քաղաքացիներին միասին շուրջ 16 միլիարդ դրամով ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան նախորդ տարվա ընթացքում։ Այս փոփոխությունները , սակայն, վարչապետի գնահատմամբ, քաղաքացիների բարեկեցության վրա ուղիղ ազդեցություն չեն ունեցել։
2021-ին արձանագրվել են 3-րդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ թվով աշխատատեղերը, աճել է միջին վիճակագրական աշխատավարձը, բոլոր քաղաքացիները միասին ստացել են շուրջ 140 միլիարդ դրամ աշխատավարձ։ Տվյալները վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել՝ շեշտելով՝ չնայած կորոնավիրուսին, հետպատերազմյան շրջանին՝ 21-ին նույնպես անվանական միջին աշխատավարձի շարունակական աճ է գրանցվել․
«Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, սրանց համար վճարվել է աշխատավարձ և մենք, եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ, անուն- ազգանուններով կարող ենք նույնականացնել»։
Աշխատանքային ու աշխատավարձային փոփոխությունները, սակայն, վարչապետի գնահատմամբ, քաղաքացիների բարեկեցության վրա էական ազդեցություն չեն ունեցել․
«Բայց մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել է մեր քաղաքացիների բարեկեցությունը, ինչու՞ չենք կարող ասել, որովհետև 2021-ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը կազմում է 2021 թ դեկտեմբերին 20 թվականի դեկտեմբերի համեմատ 7.7 տոկոս, իսկ սա ավելին է ,քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով»։
Նախորդ տարեվերջին կառավարությունն ընդգծում էր, որ աշխատավարձերի բարձրացումն էական է լինելու հատկապես գիտաշխատողների համար։ 22 թվականի պետական բյուջեում 83 տոկոսով ավելի շատ գումար է հատկացվել գիտության ոլորտին, քան նախորդ տարի։ Հայտարարավել է, որ այս տարվա հունվարից, օրինակ, լաբորանտի աշխատավարձը աճելու է 52, առաջատար գիտաշխատողինը՝ 118, գլխավոր գիտաշխատողինը՝ 165 տոկոսով։
Այս սանդղակը վարչապետը ներկայացրել էր ֆեյսբուքյան գրառմամբ դեկտեմբերի 3-ին՝ նշելով այդ պահի դրությամբ գործող և ապագայում նախատեսվող աշխատավարձերի չափերը։ Գրառումը որոշ գիտաշխատողների շրջանում հարցեր է առաջացրել՝ ի՞նչ թիվ է նշվել հրապարակման մեջ որպես «նախկին» աշխատավարձ, աճը հաշվարկվել է հարկերը ներառող, թե՞, այսպես ասենք, մաքուր աշխատավարձի նկատմամբ։ Գիտաշխատող Նարեկ Չիլինջարյանը «Գիտական համայնք Հայաստան» ֆեյսբուքյան բաց խմբում մտահոգություն է հայտնել․
«Օրինակ իմ պարագայում նախկինը նշել է իմ մաքուր աշխատավարձը, իսկ նորը՝ կեղտոտ, որոնք, փաստորեն, համեմատելի չեն, որովհետև նոր կեղտոտը հին մաքուրի հանդեպ թեև 52% աճ կկազմի, բայց նոր մաքուրը հին մաքուրի հանդեպ ընդամենը +9.5% է անում»։
Հարցը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը․
«Ինքը ոչ թե մաքուր աշխատավարձը համեմատել է կեղտոտ աշխատավարձի հետ, այլ այդ պաշտոնի հանրապետության կտրվածքով միջինացված գումարը համեմատել է նվազագույնի հետ, որը դառնալու է։ Եթե լաբորանտի համար դիտարկենք, հանրապետության միջինում ստանում էին 60 000 դրամ, որը դառնալու 102 000 դրամ, կարող են լինել լաբորանտներ, որոնք արդեն, իսկ ստանում էին 102 000 դրամ, իրենց մոտ բարձրացում չի լինելու»։
Կոմիտեի նախագահի տեղակալը այլ թյուրըմբռնումներից խուսափելու համար նաև նշում է՝ խոսքը բացառապես ամբողջական դրույքով աշխատողների մասին է։ Մովսիսյանը, անդրադառնալով այս տարի տրված 83 տոկոս ավել ֆինանսավորմանը նշում ՝ դա ուղղվելու է ոչ միայն աշխատավարձերին, այլ նաև սարքերի, սարքավորումների ձեռքբերմանը, թեմատիկ ֆինանսավորմանը։ Նախատեսված է գիտաշխատողների աշխատավարձերի ամենամյա բարձրացում մինչև 2025 թվականը։ Դա կկատարվի յուրաքանչյուր պաշտոնի համաև որոշակի գորակիցներով՝ ատեստավորված բոլոր կազամեկերպությունների գիտաշխատողների համար։
hy.armradio.am