Իրավական «բեսպրեդելի» հետեւանքով մարդկային ճակատագրերը տնօրինում է ոչ թե պետությունը, այլ՝ մարդը
Կառավարման համակարգերի իմաստը մարդկանց կյանքն ու աշխատանքային գործունեությունը կարգավորելն է։ Մեր տիպի երկրներում դրանք բացակայում են եւ բազում կամայականությունների տեղիք տալիս: Ցանկացած պետություն, բացի իր քաղաքացու անվտանգության ապահովումից, պետք է ապահովի նաեւ աշխատանքային իրավունքը: Այն երկրներում, որտեղ համակարգեր չեն գործում, շատ բան որոշում է աշխատողի ղեկավարը՝ գործատուն, որը կարող է առաջնորդվել ոչ թե օրենքի տառով, այլ իր ամբիցիաներով, թուլություններով, եւ այդ դեպքում կբացակայեն համապատասխան զսպման եւ հակակշռման մեխանիզմները, որոնք մարդուն ապահովագրում են անձի կամայականություններից:
Արդյունքում՝ անտեսվում է քաղաքացու աշխատանքային իրավունքը: Հատուկ չեմ ուզում խոսել մասնավոր հատվածում տիրող աշխատանքային հարաբերությունների մասին: Փորձեմ խոսել պետական աշխատողների մասին: Հայաստանում այդ առումով մոտավորապես այսպիսի վիճակ է․ պաշտոնի նշանակված ցանկացած մեկին թվում է, թե իրեն ենթակա բոլոր աշխատակիցներն իր ծառաներն են, եւ նրանց հետ ինչպես կուզի՝ կվարվի: Նշանակվելուն հաջորդող առաջին քայլը լինում է իր ենթակայության յուղոտ պաշտոնյաներին աշխատանքից ազատելը եւ նրանց փոխարեն յուրայիններին նշանակելը, իսկ նրա վերադասը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ պաշտոնյային զսպելու համար, եթե անգամ աշխատանքից ազատված պաշտոնյաները վերադասության կարգով բողոքներ են ներկայացնում: Իսկ վերադասը ոչ մի քայլ չի ձեռնարկում, քանզի նա եւս նույնկերպ է վարվում իր ենթակայության տակ գտնվողների նկատմամբ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ թե պետական պաշտոնյաներ են, այլ ՍՊԸ-ների տնօրեններ, եւ ինչ ուզում, անում են: Ի՜նչ պետություն, ի՜նչ պետական միջոցներ, նրանք այդ հաստիքներին ու բյուջեից տրամադրվող պետական գումարներին նայում են որպես սեփական միջոցների, որը կամայականորեն կարող են տնօրինել:
Ինչպես ժողովուրդն է ասում՝ պետական բուրդը շփոթում են սեփականի հետ, քանզի չի աշխատում զսպումների վերահսկողական որեւէ մեխանիզմ, որը պետք է կանխեր այդ պաշտոնյաների կամայականությունները: Այսպիսի վիճակ է տիրում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա ու կից հիմնարկ-ձեռնարկություններում: Եվ սա՝ այն պարագայում, երբ գործում են քաղաքացիական, հանրային եւ համայնքային ծառայության մասին օրենքները, որոնցով, իբր, աշխատակիցները պաշտպանված են օրենքի ուժով: Բայց հայի մենթալիտետում շատ ավելի զորեղ ուժ ունեն չգրված օրենքները։ Օրինակ, հայի թասիբը․ երբ նրանց առաջարկվում է ազատվել աշխատանքից, նրանք հպարտորեն հենց այդպես էլ վարվում են՝ ղեկավարի մի թույլ հրահանգով դիմում են գրում ու ազատվում աշխատանքից: Լինում են նաեւ բացառիկ դեպքեր, երբ որոշ աշխատակիցներ ընդդիմանում եւ ազատման դիմում չեն գրում կամ գնում են հարցը դատարանով լուծելու ճանապարհով, որը շատ հաճախ լուծվում է հայցվորի օգտին, քանզի նմանատիպ պարագաներում հանգամանքները հիմնականում խոսում են հօգուտ աշխատակցի:
Որտե՞ղ է գրված, որ նախօրեին նշանակված պաշտոնյան տարիներ շարունակ աշխատող մեկ այլ պաշտոնյայի ասի՝ դիմում գրիր, ազատվիր աշխատանքից: Ստացվում է, որ նրանք առաջնորդվում են «պետությունը ես եմ» սկզբունքով, որը հակասում է ժողովրդավարություն ասվածին: Ի վերջո, ինչպես ժողովուրդն է ասում, հո իրենց հոր դուքանը չէ՞, որ ոնց ուզենան, այդպես էլ լինի:
Ստացվում է, որ ժողովրդի մի հատվածը վարչապետներ են, մյուսներն անգամ տեսուչ էլ չեն: Կա՛մ պետք է գործազուրկ լինեն, կա՛մ երկրից արտագաղթեն: Եթե արցախյան վերջին պատերազմն անգամ մարդկանց մեջ խիղճ ու մարդկություն չարթնացրեց, ապա ի՞նչ հիմքի վրա կարող է մեր երկիրը երկիր դառնալ: Հարցը կտրուկ է դրված. ժողովրդի խորթ հատվածը կա՛մ պետք է հրաշքով լուրջ փոփոխություններ իրականացնի երկրում, կա՛մ արտագաղթի, որպեսզի իզուր չխոչընդոտի ժողովրդի մնացած՝ հարազատ հատվածի եւ թուրքերի հարաբերությունների ջերմացմանը: Ինձ թվում է, որ թուրքերն այս օրերին այդ հիմքերն են դնում, իսկ սպիտակ հայերը լիովին կողմնակից են եւ նպաստում են դրան:
Փաստացի, մարդկային ճակատագրերը տնօրինում է ոչ թե երկիրը, պետությունը, այլ առանձին անհատ մարդիկ, որոնք ոչ մի արտոնություն չպետք է ունենան, քան այն աշխատողները, որոնց ազատում են աշխատանքից՝ փոխարենը իրենց ծանոթներին ընդունելով:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Hraparak.am