Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է Լուսինե Մխոյանին Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ իրենց որոշումը պայմանավորված է Մխոյանի բացակայություններով։

«Նա նիստերից բացակայել է մոտ 20 անգամ։ Բացակայությունների մի մեծ հատվածն օբյեկտիվ պատճառներ ունի, Մխոյանը այդ ժամանակ ֆիզիկապես, օբյեկտիվ պատճառով, չէր կարող գալ նիստի, և այդ ժամանակահատվածը չենք դիտարկել նախագիծը ներկայացնելիս, դիտարկել ենք բացառապես այն ժամանակահատվածը, որն իր մեջ օբյեկտիվ հիմքեր չի պարունակել»,-ասաց Գալջյանը՝ նշելով նաև քաղաքական դրդապատճառների մասին։

Նա նշեց, թե ավագանու էլի անդամներ կան, որ բացակայությունների՝ օրենքով սահմանված թույլատրելիի շեմը հատել են, բայց Մխոյանի դեպքում միակ լուծումը սա էր, իսկ մյուսների դեպքում այլ լուծումներ կարող են լինել։

«Իմ քայլը»-ից Էռնեստ Ավանեսովը հայտարարեց՝ Լուսինե Մխոյանն այս պահին ֆիզարձակուրդում է գտնվում։ «Բարոյական և իրավական տեսանկյունից որքանո՞վ եք արդարացված համարում այս մոտեցումը»։

Գալջյանն արձագանքեց, թե չի կարծում՝ սա այն հարցն է, որ պետք է բարոյականության դաշտում քննարկել։

«Իմ քայլը»-ից Իզաբելլա Աբգարյանն էլ հարցրեց՝ Գալջյանը տեղյա՞կ է, որ մայրությունը և մանկությունը պաշտպանված են ՀՀ Սահմանադորւթյամբ։ Նա նաև հիշեցրեց, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Մխոյանի առջև երկընտրանք էր դրվել՝ կա՛մ միանալ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, կա՛մ իր առջև կդրվի բացակայությունների հարցը։

Գալջյանն արձագանքեց՝ Մխոյանի հետ քաղաքական զրույց են ունեցել, սակայն դա շանտաժ չէ։

Քվերակությանը մասնակցած 54 անդամներից 45-ը կողմ քվեարկեց, 8-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ։ Այսպիսով՝ Լուսինե Մխոյանի լիազորությունները որպես Երևանի ավագանու անդամ, դադարեցվեցին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն