Գյումրիում կոմունալ բաժնի աշխատակիցների դեֆիցիտ է․ դիմողներ չկան
Գյումրու ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին նիստը ավագանու անդամների մեծ թվով բացակայությամբ մեկնարկեց։ Պատճառը համավարակն էր։ «Բալասանյան դաշինք»-ի անդամ Ռոբերտ Անդրեասյանն էլ իր լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել։ Ավագանու անդամների դժգոհության առիթ էր նաև երկու ՔՊ-ական փոխքաղաքապետերի բացակայությունը։ Ովքեր են տալու նրանց ուղղված հարցերի պատասխանները։
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ փորձեց արդարացնել, թե փոխքաղաքապետերի բացակայության պատճառը կրկին համավարակն է, իսկ հարցերին հնարավորինս կփորձի պատասխանել ինքը։ ՔՊ-ական ավագանու անդամներին մասնավորապես հետաքրքրում էր այն հարցերի պատասխանը, որոնք, ըստ իրենց, համաքաղաքացիների կողմից էին ստացել։ Օրինակ, ինչու լավ չի մաքրվում քաղաքը, ձյան առատ տեղումներն անհարմարություն են պատճառում, վերջին ամսում 50-ից ավել ավտովթար է գրանցվել, մերկասառույցի պատճառով բնակիչները կոտրվածքներ են ունեցել։
Կոմունալ վարչության պետը վստահեցնում է, որ բաժնի ամբողջ աշխատակիցները ամբողջ ուժով են աշխատել, սակայն աննախադեպ եղանակային պայմանը, որը վերջին 5-6 տարիների ընթացքում չէր գրանցվել, փաստի առաջ կանգնեցրեց։
-15 աստիճան ցրտի պայմաններում տեխնիկան անզոր է։ Գյումրու համայնքապետարանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ քիմիական նյութեր ներկրելու համար, որպեսզի սառույցի դեմ պայքարեն։ Եղած խնդիրներին գումարվել է աշխատուժի պակասը։ «Համավարակի պատճառով մոտ 30 աշխատող հիվանդ է, ունենք մոտ 50 թափուր հաստիք, հայտարարություն ենք տարածել, բայց դիմողներ չկան»,-ասում է կոմունալ ծառայության բաժնի վարչության պետ Արման Շաբոյանը։ Քաղաքապետն էլ իր հերթին է ավելացնում․ «Դիմեցինք հարևան համայնքներին, որ գան, աշխատեն, կտանենք-կբերենք, բայց արձագանքներ չեղան»։
Նիստին ՔՊ-ական ավագանու անդամներին հետաքրքրեց նաև, թե ի վերջո որքան գումար տնտեսեց համայնքապետարանը՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու հաշվին։ ՔՊ-ականների հարցն անպատասխան մնաց, քանի որ ըստ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի՝ միայն տարեվերջին պարզ կդառնա, թե որքան են տնտեսել։
Նշենք, որ ծառայողական ավտոմեքենայից հրաժարվել էր նաև նորընտիր քաղաքապետը, թվով 5 մեքենա հաշվեկշռից դուրս մնաց, արդյունքում այսօր մեկ մեքենան սպասարկում է համայնքապետարանի 2-3 բաժնի աշխատակիցների ։
Hraparak.am