Կարծես այլ դարդ ու ցավ չունենք…
Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ վիրավորել է մեր երկիրը եւ, անկեղծ ասած, լավ է արել: Լավ է արել, որովհետեւ մենք ենք թույլ տվել, որ նա բազմիցս վիրավորի մեզ: Ճիշտ այնպես, ինչպես նրա քիրվան՝ Ադրբեջանի նախագահը: Խոհանոցային մակարդակով բողոքելու փոխարեն մենք պետք է կարողանանք այնպիսի իշխանություն ձեւավորել, որպեսզի նա ռիսկ չաներ նման վարքագիծ դրսեւորելու: Իսկ որ մեր բողոքը խոհանոցային մակարդակի է՝ դրանում կասկած չկա: Այլ մակարդակի կլիներ այն ժամանակ, երբ ՀՀ ԱԳ նախարարություն հրավիրվեր Երեւանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, եւ նրան բողոքի նոտա տրվեր: Իսկ գիտե՞ք, թե որտեղ է նրա նստավայրը: Ասեմ՝ զարմանաք (ես էլ չգիտեի՝ նոր իմացա). Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Այո, Գագիկ Ծառուկյանի հարազատ գյուղում: Դե, Ծառուկյանն ու Լուկաշենկոն վաղեմի ընկերներ են, այդ թվում՝ գործընկերներ:
Անցնենք Լուկաշենկոյին: Քանի որ նախկինում պաշտոնական մակարդակով դեսպանին բողոք չի հղվել, եւ հիմա էլ դա չի արվի, ապա եկեք հանգիստ թողնենք նրա վերադասի վերադասին: Լուկաշենկոն պրակտիկ ղեկավար է՝ խորհրդային տարիների կոլխոզի նախագահից հասել է երկրի ղեկավարի պաշտոնին: Ինչը նշանակում է, որ նրանից լավ Բելառուսի շահերը ոչ ոք չի կարող պատկերացնել եւ իրացնել: Խորհրդային Միության քայքայումից հետո մենք շարունակեցինք նույն կազմակերպություններում գործել այդ երկրի հետ՝ ԱՊՀ, Մաքսային միություն, ԵԱՏՄ, ՀԱՊԿ: Ու չկարողացանք պետական, պաշտոնական մակարդակով հաստատել ամուր գործընկերություն: Նախկինները երեւի մտածում էին, թե Ռուսաստանը կա՝ Բելառուսն ինչներիս է պետք: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մասին այդ առումով ասելիք ընդհանրապես չունեմ: Փաշինյանն ու Լուկաշենկոն ճիշտ այնպիսի «գործընկերներ» են, ինչպիսին իսպանական ցուլն ու կարմիր լաթը (խոսքը կորիդայի՝ ցլամարտի մասին է):
Մեկ-երկու խոսք ցլամարտի մասին: Այդ հանդիսախաղը ժամանակակից կանոններով գործել է դեռեւս 11-րդ դարում: Խաղին մասնակցելու իրավունք ունեին միայն հեծյալ ասպետները՝ բանակում ծառայող ազնվականները: Սակայն ծագել է ավելի վաղ՝ բրոնզեդարյան Իսպանիայում (նախկինում կրել է Իբերիա անվանումը), եւ կապված է ցլի պաշտամունքի հետ: Ենթադրաբար, պաշտամունքային արարողությունը (նույնն է, թե ծիսակատարությունը) ուղեկցվել է կենդանու սպանությամբ: Թե ում է մատուցվել այդ զոհը՝ հայտնի չէ: Սակայն նախնադարյան Աթենքում, օրինակ, այդ զոհը մատուցվել է աստվածների ղեկավար, երկնքի, ամպրոպի եւ կայծակի աստված Զեւսին: Մնացած միսը բաժանվել է Աթենքի քաղաքացիներին:
Ավարտենք թե Լուկաշենկոյի եւ առավել եւս ցլի պատմությունն ու զբաղվենք մեր անմիջական խնդիրներով: Իսկ դրանք բազմաթիվ են: «Ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված, իսկ ավելի ուշ «ժողովրդավարության փայլուն աստղի վերածված» Հայաստանում այսօր խնդիրների պակաս չկա: Առաջին հերթին՝ հենց ժողովրդավարության առումով: Եվ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ չի երեւում եվրոպացիների աչքին: Բայց, ի տարբերություն եվրոպացիների, տեսանելի է դարձել, օրինակ, միջազգային մակարդակի ամերիկյան «Ֆրիդըմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության համար: Անմիջականորեն դիմելով ՀՀ Ազգային ժողովին՝ վերջինս առաջարկել է չեղարկել հանրային գործիչների վիրավորանք հասցնելու քրեականացման դրույթը: Ինչը, հիշում եք, հայաստանյան «ժողովրդավարության» արգասիք է: Այդ դրույթի հիման վրա հարուցված շուրջ երեք հարյուր քրգործերի բացառիկ տուժողը, ենթադրաբար, Փաշինյան Նիկոլն է: Խեղճ տղա: Կարող են նաեւ ուսապարկեր լինել՝ երեւի մեկ-երկու գործ էլ նրանց «պատվին» է հարուցվել: Ի դեպ, իրավապաշտպան կազմակերպության աչքից չեն վրիպել նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ: Դրա արդյունքում կազմակերպության զեկույցներից մեկում արձանագրվել է ընդհանրապես ժողովրդավարության հետընթաց:
Ունենք նաեւ բազմաթիվ խնդիրներ անվտանգության ասպարեզում: Որոնք, բնականաբար, ածանցված են գործող իշխանությունից: Ունենք տնտեսական խնդիրներ, որոնց պատճառը ներկա իշխանության գործունեությունն է: Ունենք ժողովրդագրական խնդիրներ, որոնք առաջացան, որպեսզի Արցախը նվիրվի թշնամուն: Ունենք հասարակության ահռելի պառակտման երեւույթ, ինչն անձամբ ընդդիմադիր գործիչ Նիկոլի եւ այնուհետեւ նրա ղեկավարած կառավարության գործունեության արդյունքն է: Ունենք արտաքին քաղաքականության խնդիրներ, որոնք առաջ եկան, երբ փողոցի ուժով վարչապետ կարգվեց Նիկոլը: Եվ այսքան խնդիրներ ունեցող երկրում մենք խոսում ենք Լուկաշենկոյի վիրավորական արտահայտությունից: Կարծես այլ դարդ ու ցավ չունենք…
Hraparak.am