Ատրճանակը դրել է քունքին․․․
Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից հետո բացերես դուրս է գալիս Ազգային ժողով, զարհուրում եմ։ Առավել քան մեծ է լինում զարհուրանքս, երբ «անթույլատրելի ժարգոնով» հոխորտում է բոլոր նրանց վրա, ովքեր հիշեցնում են տանուլ տված մեր երկրի, կորցրած տարածքների, հազարավոր զոհերի, հաշմվածների մասին․․․ Ասես հայ ժողովուրդը կորցրել է մի փոքրիկ հողակտոր կամ գյուղ, և ինքը գերագույն հրամանատար լինելով, պիտի քննիչ հանձնաժողով ստեղծի, որ իմանա, թե ով է մեղավոր։ Սա ուղղակի զարհուրելի է, այնքան զարհուրելի, ինչքան երբ մարդը սպանում է մեկին ու արյունոտ դանակը փորձում ուրիշի գրպանը գցել։ Առավել զարհուրելի է, երբ զգում ես, որ մարդը չի տառապում, ցավ չի ապրում այդքան կորստից հետո։ Տառապում է միայն աթոռը կորցնելու վախից։
Արծվաշենը կորցնելուց հետո Վազգեն Սարգսյանը ուզում էր ինքնասպանություն գործել, իսկ Արցախը հանձնելուց հետո Նիկոլը հոխորտում է ժողովրդի վրա, լրտեսներ ու սատանաներ փնտրում։
Այնպես լավ է նկարագրված այդ մասին Մաքսին Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում․
«Ըստ վկայության, շատերը բամբասել են, թե՝ Արծվաշենը վաճառեցին թուրքին… Վիրավորանքը ծանր է եղել, անտանելի…: Վազգենը փակվել է իր տան սենյակում, առջեւը դրել նահատակված ընկերների լուսանկարները եւ… ատրճանակը..․
Ինքը՝ Վազգե՞նը թուրքին որեւէ բան զիջի, զարհուրելի է անգամ մտածելը: Եվ անտանելիորեն վիրավորված զորավարը ատրճանակը դրել է քունքին, որովհետեւ հասարակության առաջ, այնուամենայնիվ, խոստացել էր, թե՝ Արծվաշենը կպահի: Իսկ ինքն արծիվ տեսակ է, իր խոսքին տեր: Հավատում էին: Չի՞ կարողացել՝ կյանքն է դնում:
․․․ Դռան բռնակը ինչ-որ մեկը չխչխկացնում էր: Ասես արթնացած՝ նա նորից սեղանին դրեց կրակելու պատրաստ ատրճանակը: Հետո լսվեց դռանը խփվող թույլ քացիների ձայն: Եղբոր որդին էր, նրա փոքրիկ տղան, ում ինքը շատ էր սիրում: «Հոպա՛ր,- կանչում էր,-հոպա՛ր․․․»։
Նիկոլ, դու միայն Արծվաշեն չես կորցրել, մի ողջ երկիր ես տարել կապիտուլյացիայի։ Ինչե՜ր էիր խոստացել մեր խեղճ ժողովրդին։ Ամեն ինչ գետը գցելուց հետո քննիչ հանձնաժողո՞վ ես քո նվիրյալ մարդկանցով ստեղծում։ Հանձնաժողովի անդամների անուններն անգամ լսելուց մարդ փշաքաղվում է։ Ի՞նչ ես ուզում ասել, որ դու՞ չես եղել գերագույն հրամանատարը, որ դու՞ չես եղել երկրի ղեկավարը։ Որ դու՞ չես եղել գլխավոր
պատասխանատուն։
Ատրճանակը ժողովրդի քունքին դնելուց առաջ մի անգամ քո քունքին դրե՞լ ես․․․ Ախր զարհուրելի է, երբ դու դուրս ես գալիս ու ավերված Արցախից ու Հայաստանից ես խոսում, զարհուրելի է, երբ դու ավերման արհավիրքի պատճառը քեզնից դուրս ես փնտրում։ Զարհուրելի է, երբ դու խոսող բերանները փակում ու դու ես խոսում ։ Իսկ ամանազարհուրելին այն է, որ դու ցավ չես զգում ու շարունակում ես անել նույն ավերածությունը։
․․ Ու շարունակելու ես, որովհետև քո «ցավի ռեցեպտորները» միայն ծնկիդ մեջ են։
Hraparak.am