Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի  Հանրապետությունում  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող  աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և  մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։

Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում՝ նախարարն ընդգծել է, որ դա պայմանավորված է պատվաստումներով և շեշտել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:

Կրկին, անդրադառնալով հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդությունից հետո անձը ե՞րբ կարող է պատվաստվել, նախարար Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստվել կարելի է  հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել  պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն