Ինչու եմ ես կարծում, որ պատերազմը հնարավոր է. Լիաննա Խաչատրյան
Երեկվանից Ֆեյսբուքում ՛՛Իլհամի անվան՛՛ քննարկումների մեջ եմ: Թե բա՝ դու իբր տենց ջոգում ես, մեր ԳՇ-ն չի ջոգո՞ւմ: Էտ ինչի՞ց վերցրեցիր, որ կարողա պատերազմ լինի: ԳՇ մասին չգիտեմ, բայց այ ԵՍ ինչից վերցրեի, որոշել եմ կետ առ կետ բացատրել, որպեսզի հետո հատ-հատ քոմենթներում չպատասխնեմ:
Եկեք մի կողմ դնենք հռետորաբանությունն ու նայենք ընդհանուր աշխարհաքաղաքական պատկերին: Կտեսնենք մի քանի գործոն, որոնց առկայության պայմաններում պատերազմի հնարավորությունը մեղմ ասած բացառել չենք կարող։
1. Իրավիճակը գետնի վրա
Ադրբեջանն այսօր ունի ակնհայտ ռազմավարական առավելություն։ Ջերմուկի ուղղություն, բարձունքներ, Հայաստանի տարածքում ամրացված դիրքեր, դրանց տանող նոր ճանապարհներ ու ենթակառուցվածքներ։
Միաժամանակ Ադրբեջանը լայն ճանապարհներ է կառուցում ամբողջ Արցախով մեկ։ Պաշտոնապես դա արվում է վերաբնակեցման համար։ Բայց վերաբնակեցման փաստացի տեմպը…ծովային աստղի արագությանա: Ո՞վ է հեչ տեսել, թ եինչպես է շարժվում ծովաստղը: Այ հենց տենց:
Ինձ համար ակնհայտ է, որ կառուցված ճանապարհներն առնվազն երկակի նշանակության են։ Դրանք հանգիստ կարելի է օգտագործել զորքի ու տեխնիկայի տեղաշարժի համար:
Այս ամենի արդյունքում Արցախը Ադրբեջանի համար նաև ռազմավարական խորություն է դառնում։ Հայաստանը նման խորություն չունի։
2. Գնվող զենքի տեսակը
Ես զենքերից մենակ նետ ու աղեղին եմ տիրապետում, բայց որքան հարցուփորձ եմ անում, այդ թվում նաև արհեստական բանականությանը, պատկերը մեղմ ասած հուսադրող չի:
Ադրբեջանը 2020 թվականից հետո ձեռքա բերել բազմաֆունկցիոնալ կործանիչներ, շարունակումա զարգացնել հարվածային անօդաչու ավիացիան, ունի հեռահար հրթիռային համակարգեր և միաժամանակ ձեռք է բերում շուրջ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ Barak MX հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգ։
Այսինքն՝ մի ձեռքով մեծացնումա Հայաստանի խորքում թիրախներ խոցելու հնարավորությունը, մյուսով՝ պատերազմի դեպքում պաշտպանում սեփական օդային տարածքը, ենթակառուցվածքներն ու զորքերը պատասխան հարվածներից։
Ինչպես ինձ ասեցին գործից քիչ թե շատ հասկացող մարդիկ՝ սա պետության դեմ ամբողջական պատերազմ վարելու համակարգ է։
Մեր դեպքում ես այն տպավորությունն ունեմ, որ մեր ցուցադրած զինատեսակների զգալի մասը նախատեսված է միջդիրքային էսկալացիային պատասխանելու համար։ Իհարկե ըստ էն ամենի, ինչը ցուցադրվումա…
3. Ռեժիմի տեսակը
Ադրբեջանը սովորական ավտորիտար ռեժիմ չի։ Պապայի բալեքի ռեժիմ է, դինաստիական:
Եթե Ալիևը ցանկանում է նաև որդու իշխանությունն ապահովել, տրամաբանական է գործել այն ժամանակ, երբ ինքը դեռ ուժեղ է, ունի բարձր վարկանիշ և վերահսկում է ամբողջ համակարգը։ Արցախի վերադարձը նրան տվեց ոչ միայն հանրային աջակցություն, այլև գործելու զգալի ազատություն։ Հաղթանակից հետո շատ ավելի հեշտ եղավ երկրի ներսում մաքրել քաղաքական դաշտը։ 2020 և 2023 թվականների հաղթանակները ռեժիմին լեգիտիմության նոր աղբյուր տվեցին։
Տվեցին նաև տարածաշրջանի գլխավոր խաղացողը դառնալու ամբիցիա։ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար առանձնապես շատ աշխատել պետք չէ. ինչպես ասում են՝ պացիենտն ինքն իրեն հաջողությամբ դուրս է գրում։
Տակը մնում է Թուրքիան, որի հետ Ադրբեջանը ցանկանում է համագործակցել, բայց դժվար թե հավերժ ցանկանա մնալ կրտսեր եղբոր կարգավիճակում։ ՛՛Մեկ ազգ, երկու պետություն՛՛ կարգախոսը օգտակար էր որոշակի փուլում, բայց ազգային պետության և Ալիևների դինաստիայի երկարաժամկետ նախագծի համար այն կարող է արդեն բավարար չլինել։
Պետք է բացատրել՝ իսկ ինչո՞վ է ադրբեջանցին տարբերվում թուրքից։ Ո՞րն է նրա առանձին պատմական առաքելությունը։ Ո՞ր տարածքներն են իրենը։ Ո՞վ է նրա գլխավոր թշնամին։
Այստեղից է գալիս ՛՛Արևմտյան Ադրբեջան՛՛ անհեթեթությունը։ Դա պարտադիր չէ վաղը Հայաստան ներխուժելու պատրաստի քարտեզ լինի։ Բայց դա ստեղծում է լեզու, որով ապագայում կարելի է հիմնավորել պահանջը, ճնշումը կամ ռազմական գործողությունը։
Բաքուն փորձում է կառուցել ազգային պետություն՝ որոշ առումներով կոպիտ պատճենելով հայկական ազգային նախագիծը։ Այլ հարց է՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Բայց քանի որ այս նախագիծը զգալիորեն խարսխված է հակահայկականության վրա, յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում կարելի է հասարակությանը համախմբել ՛՛հակաադրբեջանցու՛՛ դեմ և կազմակերպել փոքրիկ հաղթական պատերազմ։
4. Նավթի հարցը
Կան ուսումնասիրություններ, ըստ որոնց նավթ արտահանող երկրներն ավելի ագրեսիվ են դառնում հենց նավթի բարձր գների ժամանակ։ Մյուս կողմից՝ նավթային եկամուտների երկարատև անկումը նույնպես ռիսկ է։ Այն կարող է թուլացնել պատերազմ վարելու կարողությունը, բայց միաժամանակ ստեղծել ներքին դժգոհություն և ռեժիմին ստիպել լեգիտիմության այլ աղբյուր փնտրել։
Բարձր գները պատերազմը դարձնում են ֆինանսապես ավելի հեշտ, իսկ եկամուտների անկումը կարող է այն դարձնել քաղաքականապես ավելի գայթակղիչ։
Ադրբեջանի համար սա հատկապես կարևոր է, որովհետև նավթարդյունահանումը երկարաժամկետ նվազման խնդիր ունի։ Ուստի Ալիևների ռեժիմը վաղ թե ուշ պետք է գտնի նավթային բարեկեցությանը փոխարինող լեգիտիմության աղբյուր։ Հաղթանակը դրանցից մեկն է։
5. Փակվող հնարավորությունների պատուհանը
Երբ պետությունը կարծում է, որ այսօր ակնհայտ առավելություն ունի, բայց հակառակորդը զարգացման պոտենցիալ ունի և մի քանի տարի անց կարող է ավելի ուժեղ դառնալ, առաջանում է գայթակղություն՝ հարցը լուծել հիմա, քանի դեռ դիմացինը թույլ է։ Հիշենք ՛՛Պրիվինծիվնի՛՛ Լուկաշենկոյին:
Չեմ կարող պնդել, որ Բաքվում հենց այսպես են մտածում։ Բայց ավտորիտար Ադրբեջանում կա գիտակցում, որ Հայաստանն ունի որոշ մրցակցային առավելություններ՝ մարդկային կապիտալ, տեխնոլոգիական ոլորտ, սփյուռք, արտաքին հարաբերությունները արագ վերակառուցելու հնարավորություն և ավելի ճկուն հասարակություն։
Մի խոսքով Ադրբեջանը կարող է գործել ՛՛հիմա կամ երբեք՛՛ սկզբունքով:
6. Տնտեսական առավելությունների ձգտումը
Եթե սահմանափակ ճնշման կամ թեթև էսկալացիայի արդյունքում հնարավոր է դառնալ տարբեր TRIPP-երի միանձնյա տերը, ապա ինչո՞ւ ոչ։
Սա ավելի շուտ սահմանափակ էսկալացիայի, քան մեծ պատերազմի շարժառիթ է։ Բայց դե ախորժակը ուտելիս է երբեմն գալիս:
7. Խարխլվող աշխարհը
Երբ միջազգային համակարգում շունը տիրոջը չի ճանաչում, կողքիդ վատ դրվածը վերցնելու գայթակղությունը բնականաբար մեծանում է։ Հատկապես եթե չկա մեկը, ով հաստատ ձեռքիդ կխփի։
2020 և 2023 թվականները Բաքվին ցույց տվեցին, որ կարելի է ճիշտ պահ ընտրել՝ Ռուսաստանը զբաղված ու թուլացած է, Արևմուտքը ռազմական միջամտության ցանկություն չունի, Թուրքիան կողքիդ է, իսկ միջազգային կառույցները գործողությունից հետո հիմնականում խորը մտահոգվելու են։
Սա պատերազմի ապացույց չէ։ Բայց երբ հնարավոր գործողության գինը նվազում է, գործողության հավանականությունը աճում է։
Պատերազմ սկսելու համար պարտադիր չի դառնալ չափազանց ուժեղ։ Երբեմն բավարար է համոզվել, որ քեզ կանգնեցնողները խառն են կամ ներուժ չունեն։
8. Ավտորիտար փորձի փոխանակումը
Պուտինի փորձը ցույց տվեց, որ փակ ավտորիտար ռեժիմով և բավարար գումարով կարելի է երկար պատերազմ վարել, ճնշել դժգոհությունը, մարդկանց ուղեղը լցնել ՛՛մեր գործն արդար է՛՛ գաղափարով, հավաքագրել պայմանագրայինների և վարձկանների, իսկ պատերազմն անգամ պատերազմ չանվանել։
Օրինակ՝ դնել ՛՛Իրավիճակի հատուկ նորմալացում՛՛։
9. Դուխներդ չգցեք
Այս ամենը չի նշանակում, թե Հայաստանը պիտի նստի թախտին, սպասի բախտին։
Բայց դրա համար նախ պետք է ընդունել, որ նման սցենար գոյություն ունի։ Ապա՝ ամբողջությամբ վերանայել Զինված ուժերի ռազմավարությունը և, քթից արյուն բերելով, զարգացնել տեխնոլոգիական ոլորտը։
Կներեք պրիմիտիվ բացատրության համար, բայց անգամ կենսաբանությունն է մեզ հուշում, որ այլ ճանապարհ չկա։ Մեզ ամենամոտ կենդանիները՝ շիմպանզեները, հարևան խմբի վրա գրեթե երբեք չեն հարձակվում, մինչև չունենան հստակ քանակական առավելություն։ Որովհետև տարածքում գիժ չկա։ Անգամ պրիմատների մոտ։
Այսօր պարզ մարդկային քանակական առավելությունը, իհարկե, արդեն ամեն ինչ չէ։ Շատ ավելի կարևոր կարող են լինել տեխնոլոգիական, մտավոր, ռեսուրսային, ցանցային, կառավարման և արագ որոշումների առավելությունները։
Զսպելու լավագույն մեխանիզմը դոշ ծեծելը չէ։ Եվ ոչ էլ ամեն օր հայտարարելն է, որ մենք բոլորին կհաղթենք։
Զսպումը դիմացինին հասկացնելն է, որ նույնիսկ սահմանափակ և նախապես հաշվարկված թվացող գործողությունը կարող է վերածվել թանկ, անկանխատեսելի ու քաղաքականապես վտանգավոր արկածախնդրության։
Բաքվում դեբիլ չկա։ Մոռացեք էտ մուլծիկները…
Նկարում՝ կադր Ստեփանակերտում հաղթանակի շքերթից







































