Խրամորթ գյուղի մոտ ադրբեջանցիները հայերեն լեզվով բնակիչներին հորդորում են լքել գյուղը
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում հերթական միջադեպ է տեղի ունեցել:
Երեկվանից ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորում են բնակիչներին լքել գյուղը՝ հայտարարելով, որ պատասխանատու չեն հետագա գործողությունների համար։ Այս մասի Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Խրամորթ համայնքի բնակչուհի Զամիրա Շամիրյանը։
Բնակչուհին պատմեց, որ փետրվարի 25-ին՝ ժամը 18:00-ին, ադրբեջանցիներն իրենց քարոզչական մեքենայով բարձրախոսները վրան ամրացրած հայտարարում էր, որ Խրամորթն ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք և լքեք տարածքը։
«Մի հինգ րոպե առաջ էլ կրկին բարձրախոսներով գրական հայերենով ասում են, որ իրենց տարածքն է։ Եթե ուզում ենք միասին համերաշխ ապրենք, պետք է դուրս գանք գյուղից։ Ասում են՝ հակառակ դեպքում իրենք պատասխանատու չեն զոհերի համար։ Եկել հասել են գյուղի մոտ, հենց մեր քթի տակ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խրամորթցին նաև հայտնեց, որ անգամ չեն կարողանում բակ դուրս գալ, գյուղացիները մնացել են բնակարաններում փակված։
«Քանի անգամ փախչենք, գնանք, որտե՞ղ գնանք։ Օրվա ընթացքում ցանկացած ժամի հայտարարում են, որ դուրս գանք։ Հրամայում են, որ այգիներում չաշխատենք, ինժեներական աշխատանքներ չկատարենք»,- վրդովվեց։
Նրա խոսքով՝ կրակոցներ գյուղի ուղղությամբ չեն հնչում, սակայն, ադրբեջանցիներն պնդում են, որ գյուղը չլքելու դեպքում կսկսեն նաև կրակել։
Մի քանի օր առաջ էլ է դարձյալ միջադեպ գրանցվել։ Սեփական խաղողի այգիներում աշխատող խրամորթցիներին ադրբեջանցիները սպառնացել ու ստիպել են հեռանալ տարածքից։; Գյուղացիներն ստիպված կիսատ են թողել աշխատանքն ու վերադարձել։
Զամիրա Շամիրյանը նշեց, որ խաղողի այգիներն ադրբեջանցիների դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա են գտնվում։ Նա անհանգստացած ասում է՝ եթե անցած տարի գյուղացիները կարողացել են խաղաղապահների միջամտությամբ խաղողի բերքի գոնե մի մասը հավաքել, ապա այս տարի ոչ էլ կկարողանա այգիները մշակել։
Armeniatoday.news