Եթե գազի ջերմատվությունը բարձր է, քիչ ենք սպառելու այն, գնի բարձրացումն էլ չի երևալու. ՀԾԿՀ նախագահը՝ գազի սակագնի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությա նիստի ընթացքին անդրադարձավ բնական գազի սակագնի փոփոխության խնդրին:
«Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է: Ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Դուք գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է:
Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար պահպանելու համար: Այստեղ պարզապես ավելացել է կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Դրան գումարած՝ մենք նաև որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ պարզաբանեց կալորիայի հաշվարկման և գազի սպառման տրամաբանությունը:
«Եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումն էլ չի երևալու ոչ մի բաժանորդի վրա: Նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի շատ ենք սպառելու, գինն էլ, համապատասխանաբար, նվազեցվելու է»,- ասաց Բաղրամյանը:
1lurer.am