ՀԱԿ-ը ճիշտ է, Նիկոլը սխալվեց
ՀԱԿ-ը մարտի 1-ին մի հայտարարություն տարածեց, որը խիստ հակասում էր Մարտի 1-ի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին: Խոսքը Մարտի 1-ի բացահայտմանն է վերաբերում, որի պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱԿ-ը հայտնվել են բարիկադների հակառակ կողմերում: Փաշինյանի կարծիքով՝ Մարտի 1-ը, ըստ էության, ամբողջությամբ բացահայտված է, զոհերի հարազատները՝ լավ կերակրված, մինչդեռ ՀԱԿ-ը համարում է, որ «հանցագործությունը մնում է չբացահայտված, կազմակերպիչներն ու կատարողները՝ չպատժված»: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացուն, օրինակ՝ ինձ, ապա ես ամենեւին համաձայն չեմ Փաշինյանի այն պնդմանը, թե Մարտի 1-ը, ըստ էության, ամբողջությամբ բացահայտված է:
Փոխարենը երկու ձեռքով կողմ եմ նրա երկրորդ պնդմանը՝ որ բոլորը կուշտ են՝ թե՛ գայլերը եւ թե՛ ոչխարները: Ռեւազի պատմությունը հիշենք: Ասում է՝ մենք մեր Ռեւազի ոչխարներն ենք կերել, ձեր ոչխարները չենք կերել: Բոլորս՝ Ռեւազն էլ մեզ հետ, կերել ենք, փողը տվել ենք, գնացել է: Հավելեմ՝ Մարտի 1-ի զոհերը նաեւ հերոսացվել են, նրանց ընկած վայրը խորհրդանշող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ին զինվորական պատվո պահակ է կանգնում, Նիկոլն ու Ալենը պսակ են դնում: Հետեւաբար՝ ՀԱԿ-ի ուզածն ի՞նչ է, որ այսպիսի դառը-դառը հայտարարություն է անում:
Հնարավոր է զարմանաք, բայց ես՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, կիսում եմ ՀԱԿ-ի մտահոգությունը: Այո, Նիկոլը Մարտի 1-ը չի բացահայտել, կազմակերպիչներին եւ կատարողներին էլ չի պատժել: Դա ավելի քան ակնհայտ է: Եվ ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է հարցը, թե ինչու Նիկոլը չի արել այդ հասարակ բանը: Այդ հարցին պատասխանելու համար երեւի պետք է իմանալ, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ժողվարչապետը հրահանգեց վերաբացել Մարտի 1-ի գործը: Այդպիսի խոստում նա իր հեղափոխական խալխին տվել էր դեռ Երեւանի փողոցները չափչփելու օրերին եւ շտապեց կատարել այն: ՀԱԿ-ը գոհ էր այդ ժամանակ եւ փառաբանում էր Նիկոլին: Սա՝ իմիջիայլոց, որ հետո չասեն՝ Նիկոլը մերը չէր:
Հա, եւ, ուրեմն, գործը վերաբացեցին, քննեցին, մեծամեծ մարդկանց քաշեցին այդ գործի մեջ, ոմանց, այդ թվում եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բանտարկեցին ու համարեցին Մարտի 1-ը «ըստ էության ամբողջովին բացահայտված»: Բայց մեկ էլ Սահմանադրական դատարանը, գեներալ Սեյրան Սարոյանի հանգույն, սրանց հարց տվեց՝ հո դուք էշ չե՞ք, արա... Ախր հակասահմանադրական է երկրի նախագահին իր պարտականությունները կատարելու համար պատասխանատվության ենթարկելը, ախր երկրի նախագահը չի կարող տապալել սահմանադրական կարգը: И тишина… Ո՛չ Նիկոլը, ո՛չ ՀԱԿ-ը միառժամանակ ծպտուն չհանեցին, եւ միայն հիմա, Մարտի 1-ի 14-ամյա հոբելյանի կապակցությամբ, ՀԱԿ-ը մի հայտարարություն բստրեց, որով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանին մեղադրեց Մարտի 1-ը չբացահայտելու, կազմակերպիչներին ու իրականացնողներին չպատժելու մեջ:
Վերեւում հարց էի տվել` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց Մարտի 1-ը: Հիմա հարցնում եմ` չկարողացա՞վ, թե՞ չցանկացավ: Մարտի 1-ի հանձնաժողովներում կռված Քոչարյան Անդո ուներ կողքին, Սաֆարյան Ստյոպի մեծ ախպերը` Սաֆարյան Սեդան էր այնտեղ, ինչո՞ւ չբացահայտեցին, չկարողացա՞ն: Իսկ գուցե չուզեցա՞ն: Այո, հենց չուզեցա՞ն, որ Մարտի 1-ի իսկական կազմակերպիչների անունները հայտնի դառնան նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին:
Թվարկե՞նք... Այդ գիշեր հանգիստ քնած Լեւոն Տեր-Պետրոսյան, Լֆիկի բարիքներից կուշտ օգտված Ալիկ Արզումանյան, էքստազի մեջ ընկած եւ ոստիկանական գույքի բռնագրավումը ողջունած Նիկոլ Փաշինյան ու էլի շատերը, որ Մյասնիկյանի արձանի հարթակից կոչ էին անում` գրավել շրջակա շենքերը: Նիկոլը մի քիչ էլ խորանար Մարտի 1-ի վերաբացված գործով` պարզվելու էր նաեւ այն մարդու անունը, որ այլեւս բոմժացած ցուցարարներին Ազատության հրապարակից տարավ օտարերկրյա դեսպանատների մոտ:
Այո, ՀԱԿ-ը ճիշտ է, Մարտի 1-ը չի բացահայտվել, կազմակերպիչներն ու կատարողներն էլ չեն պատժվել: Հետեւաբար, այս գործը պետք է բաց պահել ու Նիկոլին իշխանափոխության ենթարկելուց հետո հասցնել իր տրամաբանական ավարտին: Եվ դա պետք է անեն այն մարդիկ, ովքեր 2008-ին անխոհեմ վարվեցին եւ, պատժելու փոխարեն, երկխոսեցին քաղաքական պոռնոգրաֆիայի հիմնադիր հայրերի հետ:
Hraparak.am