ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած զինվորական, անկախ ՀՀ առաջին պաշտպանության նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան։

Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերն ու նշանակությունը հայոց բանակի սկզբնավորման ու կազմավորման գործում։ Հենց ինքը՝  Վազգենը հիմքը դրեց բանակաշինության, այն բանակի որը մինչ օրս էլ դաստիարակվում է իր ոգով ու օրինակ հանդիսանում նոր սերնդին լինել պետականամետ, հայրենասեր ու ազգի նվիրյալ զավակ։ 

Վազգեն Սարգսյանը մեծ համբավ էր վայելում հայ կամավորականների ջոկատների և առհասարակ բանակի սպայական կազմում, նա 1991 թվականի դեկտեմբերին նշանակվեց անկախ Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ արդեն 1992 թվականի հունվարի 28-ը հռչակվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման օր։ Արցախն ազատագրելու և իրական տերերին վերադարձնելու  համար անհրաժեշտ էր ունենալ հզոր ու ամուր բանակ, իսկ Վազգեն Սարգսյանը արեց դա, ու շնորհիվ հայոց բանակի 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին, մի քանի շաբաթ անց էլ տեղի ունեցավ Բերձորի ազատագրումը։ 

Չնայած առաջխաղացումների, այդուհանդերձ եղել նաև ծանր ու օրհասական դրություններ, բայց  Վազգեն Սարգսյանն ու իր շուրջը համախմբված բանակը՝ կամավորական ջոկատները, երկրապահ կամավորական միությունը կարողացան բեկել պատերազմի ընթացքն ու պարտության մատնել թշնամուն, Արցախի հյուսիսում՝ Մարտակերտում։

Իսկ արդեն 1993 թվականին ազատագրվեց Քարվաճառը, որն այսօր կրկին ազատագրման ու թշնամու ճիրաններից ազատվելու կարիք ունի, հետո ազատագրվեց Վարանդայի շրջանը, Ջրականն ու Կովսականը։ 

Այսօր առավել քան երբևէ հայոց բանակն ու ազգն ունի Վազգենի կարիքը, Վազգենի նման մտածողների ու գործողների անհրաժեշտությունը, հուսանք, որ դեռ կբացվի այն խաղաղության արշալույսը, երբ մեր սահմանները գծված կլինեն գոնե այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանն է թողել ու կլինեն խաղաղ, որի համար տարիներ շարունակ մղվեց ու մղվում է պայքար։

Ծնունդդ շնորհավոր, սպարապետ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն