Երբ մանր ու քինախնդիր է առաջնորդի հոգին
Մեզանում, ցավոք, պակասում են մտածող անհատականությունները: Քիչ են համարձակները, որոնք առանց վարանելու, առանց կշեռքի ծանրացող կողմը թեքվելու կարողանում են ասել իրենց խոսքն ու ճամբարափոխ չլինել: Այդ քչերից մեկը գրող, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանն էր: Ատելության ու մաղձի Հայաստանում զարմանալի չէ, երբ անհատի մահից հետո դեգրադացված զանգվածը սկսում է համացանցային տիրույթում չարախնդալ: Սակայն երբ երկրի ղեկավարն է ապացուցում իր փոքրոգությունը, պարզունակ մտածողությունը, քինախնդրությունն ու հիշաչարությունը, ուրեմն այդ պարագայում առողջ հասարակություն ունենալու ցանկությունն առնվազն մեծ ճոխություն է:
Ալվարդ Պետրոսյանի մահվան լուրից անմիջապես հետո նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ցավակցական խոսքով հանդես եկան, մասնակցեցին մտավորականի հոգեհանգստի արարողությանը, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ մեկ ցավակցական խոսք չասաց մտավորականի մահվան առիթով: Դե հասկանալի է, երբ ներսումդ ամուր նստած է փոքր մարդը, դու այլ կերպ վարվել չես կարող: Նիկոլ Փաշինյանի քինախնդրությունը միանշանակ պայմանավորված է Ալվարդ Պետրոսյանի կողմից պարբերաբար իր հասցեին հնչող սուր քննադատություններով, սակայն երկրի ղեկավարն իրավունք չունի լինել շարքային տգետ «պողոս», նա պետք է պայքարի իր ներսում ապրող պարզունակության հասնող հիշաչարության դեմ, եթե իրեն համարում է երկրի առաջնորդ: Իսկ լուսահոգի Ալվարդ Պետրոսյանը, վստահ եմ, շատ կտխրեր, եթե Նիկոլ Փաշինյանի շուրթերից իր հասցեին ինչ-որ մի դրական ու ջերմ խոսք լսեր:
Նման օրինակներ ունեցանք նաև ոչ վաղ անցյալում գրող Ռազմիկ Դավոյանի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվանից հետո: Թեպետ Գրիգորիչի ու Դավոյանի մահվան առիթով «մեծն» վարչապետը «լայաղել» էր ցավակցական խոսք ասել, սակայն, կարծում ենք հարկ չկա հիշեցնելու, թե պետական մակարդակով ինչպես էին Արամ Խաչատրյան համերգասրահի մուտքի դռան մոտ կազմակերպել վերջիններիս հոգեհանգիստը: Հավանաբար լավ ենք հիշում Արթուր Գրիգորյանի գերեզմանատեղի շուրջ ստեղծված միջադեպը: Սարսափելի է, երբ երկրի ղեկին «բազմում» է մի մարդ, որը ոչ միայն հեռու է քաղաքականությունից, այլև մանրոգի է ու քինախնդիր, անգամ հանգուցյալների նկատմամբ:
Hraparak.am