Սա այլևս պարզապես երթևեկության հարց չէ․ սա երեխաների անվտանգության հարց է. Վահան Բաբայան
Երևանի փողոցներում սա այլևս պարզապես երթևեկության հարց չէ․ սա երեխաների անվտանգության հարց է։
Օրերս իմ աչքի առաջ տեղի ունեցավ մի դեպք, որը շատ ծանր տպավորություն թողեց։
Ծնողը մեկ էլեկտրական ինքնագլորի(սամակատ) վրա նստեցրել էր իր երկու անչափահաս, փոքր երեխաներին ու այդպես տանում դպրոց:Շարժվելիս նա չկարողացավ կառավարել ինքնագլորը, կորցրեց հավասարակշռությունը, և երեքով ուժեղ հարվածեցին պատին ու մայթով քայլող մեկ այլ երեխայի:
Չեմ կարող ասել, թե երեխաները որքանով էին վնասվել, բայց այդ տեսարանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան վտանգավոր կարող է լինել նման վարքագիծը։
Երևանում գրեթե ամեն օր կարելի է տեսնել նման պատկերներ․ մեկ ինքնագլորի վրա երկու փոքր երեխա, ծնողի հետ միասին:
Սա վտանգ է ոչ միայն հենց երեխաների, այլև մյուս քաղաքացիների համար։
Երեխաները և նույնիսկ ծնողները չեն կարող լիարժեք գնահատել արագության, արգելակման, հավասարակշռության և ճանապարհային երթևեկության ռիսկերը։ Իսկ երբ մեկ ինքնագլորի վրա միաժամանակ մի քանի մարդ է գտնվում, վերահսկողության կորուստը կարող է վայրկյանների ընթացքում վերածվել լուրջ վթարի։
Կարծում եմ՝ այս հարցը պետք է դառնա Երևանի քաղաքային իշխանությունների և համապատասխան մարմինների լուրջ քննարկման առարկա։
Պետք է հստակ կանոններ սահմանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արգելել անչափահաս փոքր երեխաների տեղափոխումը էլեկտրական ինքնագլորներով, հատկապես՝ մեկ ինքնագլորի վրա երկու կամ ավելի անձանց տեղափոխումը։
Եթե մենք իսկապես ուզում ենք անվտանգ քաղաք ունենալ, պետք է կանխենք վտանգավոր վարքագիծը մինչև վթարը, ոչ թե միայն արձագանքենք դրանից հետո։
Երևանի փողոցներում արագությունը կարող է փոխվել մեկ վայրկյանում, իսկ երեխայի առողջությունը վերականգնել միշտ չէ, որ հնարավոր է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































