Մարտի 15-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությանբ կայացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ  քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության և ուսումնառության իրավունք տալ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

Հիմնական զեկուցող Տիգրան Աբրահամյանն առաջարկել է օրենքի ուժի մեջ մտնելու համար ամրագրել 2023 թ. հունվար ամիսը:

ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ գործադիրն ընդհանուր առմամբ փոփոխությանը դեմ չէ, համաձայն է, որ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած պայմանագրային զինծառայողներն ու սպաները ստանան անվճար կրթության իրավունք:

Կառավարությունը վերապահումներ ունի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին անվճար կրթություն ստանալու հնարավորության տրամադրման առաջարկի վերաբերյալ և հորդորում է գործող օրենքի այդ դրույթը թողնել անփոփոխ` տեղեկացնելով, որ գործող օրենքով վերոնշյալ անձանց պետությունն ընձեռել է մասնագիտական վերապատրաստման հնարավորություն:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն այն վերապահումով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն կվերախմբագրվի:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն