Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում և մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ մարզպետարանում՝ մարտի 20-ին ստեղծվել է օպերատիվ շտաբ։  Շուրջօրյա գործող 077933955 հեռախոսահամարով բացի հայերիից,  կարող են զանգահարել ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք։ Մարզպետարանը 4 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներով հայտարարություն է տարածել։

Ժամը 11-ի  դրությամբ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով  փակ են Սյունիքի մարզի Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները։ Սյունիքի իմ գործընկեր Արմեն Դավթյանն է զրուցել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանի հետ, որը համակարգում է օպերատիվ շտաբի աշխատանքները։

-Պարոն Մարտիրոսյան, մինչև այս պահը քանի ահազանգ է ստացել շտաբը,  և ինչ հարցերով են դիմում։

-Սյունիքի մարզի օպերատիվ շտաբը ստացել է մոտ 140 զանգ։ Ահազանգերը վերաբերում են ճանապարհի մասին տեղեկատվությանը, Իրանի քաղաքացիներ զանգում են Կապան քաղաքում կեցության հարցերով։ Մոտ 320 իրանցի զբոսաշրջիկ են տեղավորվել Կապանի հյւորանոցներում, հյուրատներում, անհատական տներում։ Մի մասը նախապես ամրագրել էր համարներ։ Ուղղակի վերջին երկու օրում իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կա, ու չեմ բացառում, որ մի փոքր հատված  կարողացել է ինքնուրույն լուծել հարցերը։ Ասեմ, որ նախորդ գիշեր Կապանի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղ չի եղել։

-Այս պահին ճանապարհները բա՞ց են, երթևեկելի՞ են

-Ճանապարհը բաց չէ, այս պահին ինտեսիվ աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու համար։

—Կարծիքներ կան, որ մարզի ճանշին ընկերությունները չեն աշխատում, չեն մաքրում ձյունը։ Չե՞ն աշխատում, թե՞ չեն հասցնում մաքրել։

-Եվ ճիշտ է, և սխալ, և օբյկետիվ և սուբյկետիվ գործոն կա էդ պնդման հետ։ Ձյան շերտի հաստությունը բարձր է, այնպես չէ, որ ճանշինները չէին աշխատում, ուղղակի ինձ թվում է, որ պետք էր ավելի լավ կազմակերպել աշխատանքը։ Ձյան այն ծավալը, որ այս երկու օրվա ընթացքում տեղաց, բավականին դժվարացրել են Ճանշին ընկերությունների աշխատանքը։

-Դե՞ռ շարունակելու է գործել շտաբը։

-Շտաբը աշխատելու է այնքան ժամանակ, քանի դրա կարիքը լինի, այսինքն այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհը փակ է, քանի դեռ իրանցի վերջին զբոսաշրջիկը չի ճանապարհվել Վայոց ձորի մարզ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն