Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է
Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ․՝ Ռիո դե Ժանեյրոյում:
ՇՄՆ-ից հայտնում են, որ ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
• Հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ,
• Նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը,
• Իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի եւ ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարեւորության մասին:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը: