Վերջին տարիներին տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը Արցախում 90 տոկոսից բարձր է
Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 1882 թվականի մարտի 24-ին տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերել և հիվանդության վարակիչ բնույթը հաստատել է գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունиц:
1990-ական թվականներից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մեծ ուշադրություն է դարձվում տուբերկուլոզի դեմ պայքարին, մշակվում և ներդրվում են հակատուբերկուլոզային ծրագրեր երկրագնդի տարբեր երկրներում: Սակայն, չնայած տարվող մեծածավալ աշխատանքներին, բազմաթիվ երկրներում տուբերկուլոզը այսօր էլ մնում է լուրջ խնդիր, նույն ԱՀԿ գնահատականով` յուրաքանչյուր տարի արձանագրվում է այս հիվանդության մինչև 10-11 մլն նոր դեպք:
Արցախում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է Արցախի առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից` համագործակցելով ՀՀ ԱՆ թոքաբանության ազգային կենտրոնի հետ, որի շնորհիվ ապահովվել է հակատուբերկուլոզալին դեղորայքի և լաբորատոր պարագաների անխափան տրամադրումը:
Տարիների փորձը ցույց է տալիս, որ տուբերկուլոզի դեմ պայքարը պետք է հիմնվի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և պատշաճ վերահսկողության վրա: Այն պետք է լինի շարունակական` հիվանդության տարածումը կանխելու համար:
Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայի հիմքը այսօրվա դրությամբ հանդիսանում է ԲՑԺ-ով վակցինացիան: Այն անցկացվում է նորածիններին ծննդատանը՝ կյանքի առաջին օրերի ընթացքում:
2012 թ.-ից Արցախի կառավարության և առողջապահության նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի միջոցով «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են պլանային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում, Արցախի շրջկենտրոններում և մի շարք գյուղական, այդ թվում՝ հեռավոր բնակավայրերում, որը կրում է շարունակական բնույթ:
Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառության օրգանների այլ հիվանդություններ՝ բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն:
Վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի, այդ թվում` բազմադեղորայքակայուն, բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր է, ինչը ԱՀԿ չափանիշներով համարվում է լավ արդյունք:
Ի գիտություն Արցախի բնակչությանը. Արցախում տուբերկուլոզի առումով հետազոտումը և բուժումը իրականացվում են պետպատվերի շրջանակներում, «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից:
1lurer.am