1200 հարց՝ 630-ի փոխարեն․ նոր կարգավորումներ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար
Ապրիլի 8-ից վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար այսուհետ տեսական քննության մասնակիցները 630-ի փոխարեն կպատասխանեն 1200 հարցի։ Ոլորտի մասնագետները սա գնահատում են որպես ապագա վարորդների համար ճանապարհային երթևեկության կանոններին հստակ տիրապետելու քայլ։
«Կարիք առաջացավ հարցաշարն ավելացնելու․ դա բխում էր նաև ճանապարհային երթևեկության ոլորտում Եվրոպական միության 2006 թվականի 126 N հրահանգի պահանջից, որին Հայաստանի Հանրապետությունը միացել էր 2018թվականին, որի պատճառով էլ ամբողջությամբ փոխվեց վարորդական վկայականի տրամադրումը, որակավորման քննությունների տրամաբանությունը և ընթացակարգը»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը։
Մինչև գործնականի հասնելը, պետք է յուրացնել տեսականը՝ բաղկացած 1200 հարցի։ Ճանապարհային ոստիկանության կայքում հարցերը տեղադրված են, շատերն առանց ավտոդպրոց հաճախելու հարցերն անգիր են անում, պատասխանում ու տեսականի համար գերազանց ստանում, որն արդեն գործնականի պարագայում քիչ բան ասող է դառնում։
«Այդ պահին տեսողական հիշողությունն է զարգանում, արագ պատասխանում են հետագայում արդեն բուն երթևեկության մեջ վարելիս դժվարանում են, իսկ այս պարագայում տեսնում են ավելի շատ նկարներ տարբեր ռակուրսներից, ավելի հասկանալի են լինում, թե որ մեքենան, որին պետք է զիջի կամ որն ունի առավելություններ»,- նշում է տեսականի դասընթացավար Արմեն Պողոսյանը։
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների խաչմերուկներում անցնելու հերթականություն, ճանապարհային նշաններին վերաբերող հարցեր։ Տեսականի ավելացված 500-ից ավելի հարցերն այս շրջանակից են ։Տեսականից գործնական քննության անցնելու փոքրիկ վիճակագրությունը հետևյալ պատկերն է արտացոլում՝ 20 ուսանողից 19-ին հաջողվում է տեսական հարցաշարը դրական ստանալ, իսկ գործնական քննություն հանձնող 4 ուսանողից միայն մեկին է հաջողվում վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել ։
Ապրիլի 1-ից մեկ գործողություն կրճատվել է վարորդների համար։ Տրանսպորտային միջոցի գույքահարկի կամ այլ հարկային պարտավորությունների համար համայնքապետարանից զրոյական փաստաթուղթ վերցնելու պահանջը հանվել է։ Ճանապարհային ոստիկանությունում նոր կարգավորում է մշակվել, բացառելով փաստաթղթային վարչարարությունը, որին կարող են ծանոթանալ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց։
Shantnews.am