Գյումրիի քաղաքապետն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը․ Գյումրիի և Մոն դը Մարսանի միջև կնքվելու է քույր քաղաքների համաձայնագիր
Գյումրի համայնքի ղեկավար Վարգդես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն այսօր՝ մարտի 25-ին, ընդունել են Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ գլխավորությամբ Լիոնի քաղաքապետի միջազգային կապերի, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի: Պատվիրակության կազմում էին նաև Լիոնի գործերով հանձնակատար Ռոքսան Բենեյտոնը, Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի՝ Հայաստանի հետ կապերի գծով ծրագրերի ղեկավար Վալերի դե Ռոզան: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա խոսել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին: Համայնքի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, մինչ այս իրականացված ծրագրերի, հնարավոր համագործակցությունների մասին: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նաև նշել է, որ առաջիկա օրերին Գյումրու պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա. Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Գյումրի քաղաքի կողմից Մոն դը Մարսանին նվիրված հայկական խաչքար-ցայտաղբյուրի պաշտոնական բացումը: Այդ ընթացքում Գյումրիի և Մոն դը Մարսանի միջև կնքվելու է քույր քաղաքների համաձայնագիր. «Խաչքարն արդեն Մոն դը Մարսանում է, խաչքարի տեղադրման աշխատանքները ընթացքի մեջ են, առաջիկա օրերին մենք ևս կմեկնենք Մոն դը Մարսան»-,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:
Հյուրերին ողջունել, Գյումրու ներուժի, տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, առկա կապերի ընդլայնման մասին խոսել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը: Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել ծրագրերից, առաջիկա անելիքներիք:
Հանդիպման ավարտին հյուրերը ծաղիկներ են դրել 1988-ի աղետալի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Shantnews.am