Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում հրապարակված Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունը ներառում է բավականին նկատելի անդրադարձեր նաև տնտեսական գործունեության ուղղություններին: «Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա: Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները», ասված է համատեղ հայտարարության մեջ: Դրանում խոսք կա նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ աշխատանքը շարունակելու մասին, էներգետիկ այլ ծրագրերի մասին: Իհարկե այդ ամենը թերևս վերաբերում է այն 1-2 միլիարդ դոլարի ներդրումներին, որոնց ծրագրերի մասին ազդարարվեց ամիսներ առաջ, երբ հատնի դարձավ, որ փոխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը, որը դառնալով կոմբիատի սեփականատեր, 15 տոկոս բաժնեմասն էլ նվիրել է Հայաստանի հանրապետությանը: Այսօր սակայն փոխվել է նաև իրավիճակը աշխարհում, այդ թվում մասնավորապես Ռուսաստանի շուրջ, և Ռուսաստանի տնտեսության ներսում, հետևաբար հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք տնտեսական ներդրումային ծրագրերը, որ ազդարարվել էին ամիսներ առաջ, շարունակելու են լինել գործնական և իրատեսական: Չէ՞ որ ռուսական տնտեսությունն ու նաև բիզնես շրջանակները հայտնվում են սուր պատժամիջոցների հետևանքների ծանրության տակ, ըստ այդմ կասկածի տակ է հայտնվում նրանց ներդրումային պորտֆելների կենսունակությունը:

Մյուս կողմից սակայն, արդեն հայտնի է, և փոքր ու միջին բիզնեսի մակարդակում արդեն իսկ ծավալվում է «ռելոկացիա» երևույթը, որը կարող է արտահայտվել նաև ավելի խոշոր բիզնես շրջանակների վարքագծում: Դա անհրաժեշտ է թե Հայաստանին, թե նաև Ռուսաստանին և ռուսական բիզնեսի ներկայացուցիչներին: Այստեղ չափազանց կարևոր է դառնում պարզապես մեխանիզմների մշակումն ու իրականացումը, որպեսզի դրանք չանցնեն «գծեր», որից այն կողմ Հայաստանը կարող է մեղադրվել Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու զարտուղի ճանապարհ լինելու համար: Առավել ևս, որ կան մեղմ ասած շատ բազմազան շրջանակներ ու պետություններ, որոնք ջանք չեն խնայի դա Հայաստանի դեմ օգտագործելու համար: Միաժամանակ, թե պաշտոնական Երևանի, և թերևս թե Հայաստանի անվտանգությամբ և կայունությամբ շահագրգռված հայաստանյան ու հայկական բոլոր ուժերին անհրաժեշտ է կարողությունների չափով փաստարկել Հայաստանի տնտեսական խնդիրները առկա քաղաքական իրողություններում, աշխարհաքաղաքական իրողություններում, և դրանք լուծելու հրամայականը Հայաստանի համար մինչև անգամ անվտանգության հարցերը սպասարկելու կարևորության ու կենսական անհրաժեշտության տեսանկյունից:

Բացատրել, որ Հայաստանը ոչ թե զբաղվում է այսպես ասած «մաքսանենգությամբ»՝ ընդդեմ ՌԴ հանդեպ արևմտյան պատժամիջոցների, կամ մտածում է այդ մասին, այլ ընդամենը փորձում է լուծել իր համար կենսական նշանակության հարցեր, այսպես ասած ինքնիշխան պետության միանգամայն օրինական իրավունքով, եթե նույնիսկ շատերի համար այդ ինքնիշխանության աստիճանը կարող է առաջացնել հարցեր: Այդպիսի իրավիճակում Հայաստանին պատժելու մասին կարող է մտածել միայն թշնամին, հատկապես եթե նկատի առնենք, որ Հայաստանն իր տնտեսական չափազանց փոքր ծավալով ըստ էության ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող եղանակ փոխել պատժամիջոցների այն ահռելի մասշտաբի համեմատ, որ Արևմուտքը կիրառել է ՌԴ հանդեպ ու շարունակում է ընդլայնել:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն