Մայիսի 16-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում:

Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ:

Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ:

Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց:

Վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակները պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն: Ի դեպ, համայնքն արդեն քայլեր է ձեռնարկում ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:

Այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:














shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն