Վաղ առավոտից Վանաձորում փակ է քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Աղայանը: Թաղամասի բնակիչները պահանջում են  սեղմ ժամկետում ավարտին հասցնել 8 ամսից ավելի ձգվող ասֆալտապատումը: Փողոցը մի քանի անգամ փակելն օգուտ չի տվել․ բնակիչների պահանջը չի լսվել: Այս անգամ էլ անտեսված մնալու դեպքում պատրաստ են փակել Վանաձորի  ելքերն ու մուտքերն ու  միջպետական մայրուղին: 



Աղայան փողոցը կբացենք, երբ փողոցը կասֆալտապատեն՝ ասում են Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչները: Նրանք փակել են Աղայան բարձրացող ճանապարհները՝ խափանելով տրանսպորտի աշխատանքը:

Բնակիչների մտահոգությունները՝ ստորև․

-Ասում են հոկտեմբերին պիտի սարքեն, տենց ոնց կլնի

-Պալիտիկայի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, մեր ասելունը, որ էս 1 տարի ա ճանապարհը սարքեն: Ոչ  երեխաներն են կարողանում դրսում խաղան, լիքը մարդիկ կան ասթմայով հիվանդ են, էս թոզը 1 տարի ա շնչում են: Մենք ճանապարհները փակել ենք, որ մեզ լսեն, մենք էլ ուրիշ ձև չունենք: 



-3 անգամ փակել ենք, ոչ մի պատասխան չեն տալիս մեզ

-Որ հստակ պատասխան չեղավ, պտի սաղ փակվի, որ Վանաձոր ոչ մի մեքենա  չմտնի

-Տեխզննումն անցնում ենք, բարձրանում Բազում թաղամաս, գնում նորից տեխզննման, որ 60.000 դրամ ծախսել ենք տեխզննում արել ավտոն:

-Մարդիկ չեն ֆինանսավորվում, չեն անում, փողի խնդիր ա:

-Նիստ պիտի լինի ավագանու իբր, որ էդ գումարները փոխանցեն:

-Մինչև հոկտեմբեր փակ ենք պահելու:

Քաղաքացիների խոսքով՝ տեղում եղել է նաև Վանաձորի համայնքապետի ղեկավարի ժ/պ Արկադի Փելեշյանը: Վերջինս զանգերին չի պատասխանում: Վանաձորի համայնքապետարանից էլ «Ռադիոլուր»-ին պարզաբանում չեն տալիս:



Բողոքի  քայլին են միացել նաև Փելեշյանին պատկանող Վանաձորի ներքաղաքային երթուղիները սպասարկող մի քանի միկրոավտոբուսներ: Հարց է ծագում` ՏԻ՞Մ-ն է իշխանություններին սաբոտաժ անում, թե իշխանությունները ՏԻՄ-ին՝ ասում է «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը: Էականն այն է, որ հարկատուները պահանջում են իրենց վերադարձնել հարկերը՝ ասֆալտապատ ճանապարհի տեսքով։

Կաթվածահար տրանսպորտային ցանցը դժվարություններ է առաջացրել: Անգամ տաքսու վարորդներն են երբեմն մերժում  Աղայան փողոց գնալ: Տաքսիստներից մեկն անկեղծանում է՝ լարված օրվանից հետո մի բաժակ օղին է օգնում։



«Ահավոր է, Աղայանից ուղևորներ էինք տեղափոխում, մարդիկ մղկտում են, ասում են, ոչ կարում ենք պատոհւան բացվենք, ոչ լվացք փռենք, ոչ բակ իջնենք, բա սա անելու բան է, երթերն ենք ուշացնում»,-ասում է տաքսու վարորդը։

Աղայան փողոցը ներառվել էր 2021-ի սուբվենցիոն ծրագրերի ցանկում՝ ասում է է Լոռու մարզպետարանի սուբվենցիոն ծրագրերի համակարգող Ռուբեն Մարգարյանը: 3 ծրագիր, այդ թվում և՝ Աղայանի նորոգումը, տեղափոխվել են 2022 թվական՝ ելնելով մի շարք գործոններից: Ըստ ծրագրածի՝ աշխատանքը պիտի ավարտված լիներ 2021-ին։ Բայց 8 ամսից ավելի է՝  ձգձգվում է: Բնակիչները նաեւ քաղաքական խնդիր են տեսնում։  ՏԻՄ նախընտրական շրջանում խոստացան ասֆալտ, բայց բնակիչը մնաց փոշոտ ու քարուքանդ ճանապարհի հույսին: Եթե իրենց պահանջն այս անգամ էլ անտեսվի, խոստանում են կաթվածահար անել ողջ Վանաձորը:

«Պարալիզացված պետք ա ա մնա: Մեր ծնողներն են գնում, մեր երեխեքն էլ սաղ ոտով են գնում: Քաղաքի տրանսպորտը կանգնած ա, միացել ա մեզ»: 

Աղայան փողոցի ասֆալտապատման իրավունքը մրցույթով շահած «Լեոպոլդ և ընկերներ» ընկերության հետ կապվել չհաջողվեց: Լոռու մարզպետարանի սուբվենցիոն ծրագրերի համակարգող Ռուբեն Մարգարյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ 331 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրի 60/40 տոկոս համամասնությամբ համայնքի մասնաբաժինը 198 մլն դրամ է:

Հավելենք, որ դեռ այս  ապրիլին Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ մարզպետի միջնորդությամբ տևական բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-֊ի հետ՝ վերսկսել Աղայան փողոցի ասֆալտապատումը մայիսից: Մայիսն արդեն վերջանում է, իսկ մարդիկ շարունակում են փոշի  շնչել ու մեքենաները վնասել անբարեկարգ ճանապարհին։ 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն