«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11–րդ հոդվածով սահմանվում է, որ արտադրական վտանգավոր յուրաքանչյուր օբյեկտ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է տեխնիկական փորձաքննության ենթարկվի։ Այս կարգավորմամբ հանրապետության բոլոր ատրակցիոնները՝ կարուսելներ, ճոպանուղիներ, զիփլայններ, նույնպես ստուգվում են։ Այս տարի բացասական եզրակացություն որեւէ ատրակցիոնի շահագործման համար առայժմ չի տրվել՝ «Ռադիոլուր» -ի հետ զրույցում վստահեցրել է ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի ներկայացուցիչը։ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից  էլ հստակեցրել են՝ յուրաքանչյուր անսարքության համար նախատեսվում է 1 մլն դրամի տուգանք։

Հունիսի մեկին ընդառաջ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շրջել են հանրապետության մանկական ժամանցային վայրերում և ուսումնասիրել գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակն ու շահագործման թույլտվությունները։

Տեսչական մարմնի ղեկավար կազմը տեղում  ստուգել է զվարճախաղերի շահագործման փաստաթղթերը, սպասարկման տեխնիկական վիճակը, ուսումնասիրել  խաղային ատրակցիոնների տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննությունը հավաստող փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն մինչև հունիսի 1-ը։

Իսկ փորձաքննությունն իրականացնում է ԱԻՆ–ը։  Նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված 183 ատրակցիոններից 131-ը Երեւանում է, 52–ը՝ մարզերում, դրանք, ըստ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանի, փորձաքննության են ենթարկվում ամեն տարի։ Պետք է վստահ լինել, որ ատրակցիոնը համապատասխանում է գործարկման անհրաժեշտ պայմաններին՝ ասում է։ Ստուգումներն իրականացնում է փորձագիտական խումբը, որը կազմվում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» -ի եւ արտադրական վտանգավոր օբյեկտի, տվյալ դեպքում շարժասանդուղք կամ ճոպանուղի շահագործող անձի կամ կազմակերպության հետ կնքված  պայմանագրի շրջանակում՝ բացատրում է զրուցակիցս.

«Փորձաքննության ընթացքում ստուգվում են ատրակցիոնի անվտանգության բոլոր հանգույցները, ստուգվում է աշխատակիցների որակավորումը, հրահանգավորումները, եւ եթե չեն հայտնաբերվում թերություններ, որոնք սպառնալիք կարող են հանդիսանալ , տրվում է փորձաքննության դրական եզրակացություն։ Այս պահին 183 ատրակցիոնից 68–ն անցել է տեխնիկական անվտանգության փորձաքննություն եւ ստացել է դրական եզրակացություն։ Այս պահին ունենք փորձաքննության ընթացքում գտնվող Արմավիրի մարզի չորս ատրակցիոն, Մանկական երկաթուղում գտնվող ատրակցիոններ, որոնց արդյունքները կստանանք առաջիկա օրերին»։

Այս տարի բացասական եզրակացություն չի տրվել ստուգում անցած որևէ ատրակցիոնի։ Եթե հայտնաբերվում են թերություններ, որոնք շտկման ենթական են, կազմակերպչին ժամանակ է տրվում, միջոցառումների ժամանակացույց է կազմվում թերությունները շտկելու  ու որակը պահանջներին համապատասխանեցնելու համար, հակառակ դեպքում  դրական եզրակացություն չի տրվում՝ բացատրում է փորձագիտական լաբորատորիայի ղեկավարը։

Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն էլ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հստակեցնում է՝ «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքով տարեկան փորձաքննության չանցած ատրակցիոնի յուրաքանչյուր անսարքության համար նախատեսվում է 1 մլն դրամ տուգանք։

«Հաղթանակ»  զբոսայգու ատրակցիոնները ծանոթ են ոչ միայն երիտասարդներին, այլև տարեցներին։  Տպավորություն է, թե դրանք հին են, սակայն Մարտին Ասլանյանը վստահեցնում է՝ եթե փորձաքննության ընթացքում որեւէ թերություն հայտնաբերվի, ապա թույլ չի տրվի շահագործել ատրակցիոնը։

Փորձագիտական լաբորատորիայի պետը լավ լուր ունի փոքրիկների համար․  զբոսայգում երեք ատրակցիոն փոխարինվել է.

«Ունենք ատրակցիոններ, որոնք փոխարինվել են ու նորերն են տեղադրվել, մոտ օրերս այդ ատրակցիոնների փորձաքննության տվյալներն էլ կունենանք։ Մեկը «ռակետան» է, որը տեղադրված է, փորձաքննություն անցած է, մյուսը Արեւիկն է»։

Փորձաքննության ժամկետները կախված են ուսումնասիրվող ատրակցիոնի  բարդությունից ու փորձագիտական խմբի անդամների թվից՝ բացատրում է արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետը։

Նույն սկզբունքով է իրականացվում նաեւ հանրապետության 11 ճոպանուղիների ու զիփլայնների փորձաքննությունը՝ բացատրում է՝ հիշեցնելով դրանց տեղակայման վայրերը մարզերում ու Երեւանում։

«Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված ճոպանուղիներն ու զիփլայնները 11–ն են, որոնցից 2–ը Երեւանում են, 9–ը ՝մարզերում։  Զիփլայններից մեկը «Երազ» այգում է, մյուսը՝ Դավիթաշեն կամրջի տակ։ Ճոպանուղիները Ծաղկաձորում են,  Ջերմուկում եւ Տաթեւում»։

Չհիշատակվեց մայրաքաղաքի հայտնի Նորքի ճոպանուղին, որն արդեն տևական ժամանակ չի շահագործվում։ Գործարկման կամ փորձաքննության համար դիմում- հայտ չի ստացվել՝ ասաց Մարտին Ասլանյանը՝ հիշեցնելով, որ մայրաքաղաքի ճոպանուղին այժմ կոնսերվացված վիճակում է։ Դրա  գործարկման համար անվտանգային լուրջ միջոցառումներ են անհրաժեշտ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն