Իրանն ընդդիմանալու է Հայաստանի հետ իր սահմանը փակելու ցանկացած քաղաքականության․ Խամենեին՝ Էրդողանին
Իրանն ընդդիմանալու է Հայաստանի և Իրանի միջև սահմանը փակելու ցանկացած քաղաքականության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Ի թիվս այլ հարցերի Խամենեին և Էրդողանը քննարկել են 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որի ընթացքում Թուրքիան աջակցել է վերջինիս։
Անդրադառնալով այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) որոշ հատվածներ այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից, Ալի Խամենեին ասել է․ «Իհարկե, եթե գոյություն ունի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակելու քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը ընդդիմանալու է դրան, քանի որ այդ սահմանը հազարամյակներ շարունակ որպես հաղորդակցության ուղի է ծառայել»։
Այաթոլլահ Ալի Խամենեին նաև խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահին նոր ռազմական գործողություն չսկսել Սիրիայում՝ նշելով, որ դա «կվնասի Սիրիային, Թուրքիային և տարածաշրջանին»։



















