Միջազգային համայնքը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Փաշինյան
Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին ինքնիշխան Հայաստանի տարածքում, թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներով այսօր տարածված հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութին:
«Միջազգային համայնքը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-նշված է գրառման մեջ:
«Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով», — գրել է Նիկոլ Փաշինյանը:



















