Ուսումնական գումարտակի զինվորը կարո՞ղ է մարտական հերթապահություն իրականացնել․ հարց՝ հրամանատարին
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հրամանատար Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը։ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաև՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը: Վկաներից Կարեն Առուստամյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է դիվիզիոնի հրամանատար, մի շարք մանրամասներ ներկայացրեց պատերազմից։
«Ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարո՞ղ են պատերազմական իրավիճակում ընդգրկվել մարտական հերթապահության։ Եթե զինծառայողը զինվորական երդում չի տվել, կարո՞ղ է ընդգրկվել մարտական գործողություններին»,- հարցրեց դատախազը՝ դիմելով Առուստամյանին։
«Կա փաստաթուղթ, որ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են ներգրավվել։ Ինչ վերաբերվում է երդում տալուն, կարող եմ ասել,որ ինձ հայտնի չի եղել, որ 5-րդ գումարտակի զինծառայողները զինվորական երդում դեռևս չեն տվել»,- պատասխանեց Առուստամյանը, ինչից հետո կրքերը դատական նիստերի դահլիճում հերթական անգամ լարվեցին։
«Էն, ինչ սա այստեղ պատմում է, մենք անգիր գիտենք ու չենք հավատում քո խոսքերին։ Լսի, հիշու՞մ ես, որ հյուրանոցում աչքդ հանեցինք, էդ ես էի, ես»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ դիմելով Առուստամյանին։



















