2022 թ. հոկտեմբերի 11-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառումանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։



ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Ա. Հարությունյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, ադրբեջանական վերջին ագրեսիային և դրանց ազդեցությանը Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա։

Քննարկվել են համագործակցային նոր հնարավորություններ` ԲԿԳ-Հայաստան 2022-2024 թթ. ծրագիրը լավագույնս իրականացնելու և կառավարման համակարգն ավելի մասնակցային դարձնելու ուղղությամբ։



ԲԿԳ գործադիր տօրեն Ս. Պրադանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով։

Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ դերը Հայաստանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման հարցում:

Միջոցառման շրջանակներում հանդիպել են նաև Արայիկ Հարությունյանը և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռեվազ Ջավելիձեն։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում ԲԿԳ օրակարգերը, դրանց ընթացիկ իրականացումը, և թե ինչպես կարող են երկու կառավարություններն աջակցել միմյանց ԲԿԳ օրակարգային բարեփոխումներն իրականացնելու հարցում։

Քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների, ռազմավարական ծրագրերի և ոլորտային այլ խնդիրներին ուղղված հարցեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել փորձի փոխանակման և բարեփոխումների օրակարգի շուրջ` փոխադարձ այցերի և նոր համագործակցային մեխանիզմների միջոցով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն