Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կսկսվի 2024 թվականին
Ընթացքի մեջ է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի նախագիծը, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
Նա ասել է, որ մրցույթ է հայտարարվել, նախագծային աշխատանքներ են տարվում։
«Մենք ավարտում ենք նախագծման առաջին փուլը և, ըստ ծրագրի, նախագիծը պատրաստ կլինի մինչև 2023 թվականի վերջ և հնարավորություն կունենանք շինարարական մրցույթ հայտարարելու»,- ասել է վարչապետը։
«Հուսով եմ՝ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայանի շինարարությունը»,- ասել է նա։
Կառավարությունն այսօր նիստի ընթացքում որոշում է ընդունել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերել։
Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումներ և բարելավել դրա հետագա գործունեությունը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:
Հիմնավորման համաձայն՝ թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, թունելի օդափոխության համակարգի նշանակությունը վճռորոշ է ուղևորների տարհանման համար։
Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թ. և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։ СП-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2013թ., խախտվել է սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։
Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ոլորտի ռազմավարական նպատակը Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումն է:
«Ուզում եմ հիշեցնել, որ մրցույթ ենք հայտարարել, և Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարան կառուցելու գործընթացը գնում է։ Նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Նախագծման գործընթացի առաջին փուլը ավարտում ենք և, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել։ Պետք է արձանագրենք, որ հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ պետք է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ: «Եվ Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք: Մենք 650 մլն դրամ ենք հատկացնում, ամենատարբեր առիթներով հատկացնում ենք խոշոր գումարներ։ Մենք պետք է հստակ արձանագրենք՝ միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, ծախսման արդյունավետությունը սկզբունքային կարևոր հարց է»,-ասել է կառավարության ղեկավարը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած: «Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ: Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»,- նշել է նախարարը:



















