Ընդամենը 150 հազար դոլար ներդրման դիմաց թուրքերը կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի․ ոստիկանության վտանգավոր նախագիծը
Իրավաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիի գրառում է կատարել․
«Շուտով ընդամենը 150.000 դոլարի դիմաց թուրքերը կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և մասնակցել ընտրության, այսինքն թուրքերը արդեն օրինական տարբերակով և առանց որևէ ՀԿ-ների ու ֆոնդերի ֆինանսավորման, կկարողանան ՀՀ-ում ղեկավար ընտրել: Օրենսդրական այս նախագիծը արդեն իսկ ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվել է կառավարությանը»։
Իսկ ինչի՞ մասին է ՀՀ ոստիկանության ներկայացրած նախագիծը, որն արդեն դրվել է հանրային քննարկման e-draft.am-ում։
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: ՀԻմա ոստիկանությունն առաջարկում է փոփոխել ու հստակեցնել այդ «նշանակալի ավանդ» ասվածի չափանիշներն ու ավելի նյութականացնել այն, որպեսզի մարդիկ իմանան՝ որքան ներդրում կատարելով կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ։
Դրա համար կառավարության ու հանրության դատին է ներկայացրել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագարությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին նախագիծը, որի ընդունումը, պարզվում է, բխում է Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 878-Ա որոշումից:
Ըստ այդ նախագծի՝ Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,
2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
5) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
6) 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
Ու այսպես՝ 11 կետ։ Նույն կերպ նկարագրված են նաև Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև առողջապահության բնագավառներում նշանակալի ավանդի չափանիշները, որոնք, սակայն, հստակ թվային, նյութական արտահայտում չունեն։
Սա, իրականում, ռազմավարական տեսանկյունցի շատ վտանգավոր նախագիծ է։ Սա նշանակում է, որ վաղը իսկապես կարող են թուրքերը, իսկ հետագայում, ինչո՞ւ ոչ, նաև ադրբեջանցիները գալ Հայաստանում ընդամենը 150 հազար դոլարի չափով ներդրում անել, անշարժ գույք կամ պետական պարտատոմս ձեռք բերել ու դառնալ ՀՀ քաղաքացի, լիարժեք իրավունքներով մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրություններին և որոշել Հայաստանի ժողովրդի, ՀՀ բնակչության ճակատագիրը։
Նկատենք, որ նախագիծը e-draft.am-ում արդեն իսկ բացասական արձագանքի է արժանացել՝ հարցմանը մասնակցած անձանց 86 տոկոսը դեմ է արտահայտվել, և միայն 14 տոկոսը՝ կողմ։



















