Ցավազրկող դեղեր, մերսում և այլն․ ինչ չի կարելի անել մեջքի ցավերի դեպքում
Ցավազրկող դեղամիջոցների չարաշահումը մեջքի ցավերի դեպքում կարող է վնասել ներքին օրգաններին։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է վիրաբույժ Եվգենի Ժարովը՝ ընդգծելով, որ նման դեղերի անվերահսկելի ընդունումը կարող է հանգեցնել խոցերի առաջացման։
«Հիվանդի մոտ կարող է ստամոքսի խոցային հիվանդություն, էրոզիա ու գաստրիտ զարգանալ։ Այդ կերպ մենք կարող ենք նպաստել ռեցիդիվների առաջացմանն ու խոցի զարգացմանը, որն էլ հետագայում կարող է բարդանալ արյունահոսություններով», - բացատրել է Ժարովը։
Նրա խոսքով՝ մեջքի ցավերի դեպքում խորհուրդ չի տրվում չարաշահել նաև տաքացնող քսուքները, քանի որ երբեմն տհաճ զգացողությունները կարող են պայմանավորված լինել ներքին օրգանների հիվանդություններով, այլ ոչ թե ողնաշարի խնդիրներով։
Ինչպես նշել է վիրաբույժը, մյուս հակացուցումը մեջքի ցավերի դեպքում մերսումն է։
«Մեջքի ցավերի դեպքում մերսումը, որը չի նշանակվել բժշկի կողմից, հանցագործություն է։ Հասարակ ցավի ետևում կարող է թաքնված լինել լուրջ խնդիր։ Նման խնդիրներից մեկը միջողային սկավառակի ճողվածքն է», - նշել է մասնագետը՝ ընդգծելով, որ ճողվածքի ախտորոշումից հետո հատուկ խորհուրդներ են տրվում մերսման վերաբերյալ, ուստի առանց բժշկի նշանակման մերսումներ անել ոչ մի դեպքում չի կարելի։
Նա նաև հավելել է, որ մեջքի ցավերի դեպքում հիվանդին խորհուրդ չի տրվում ինքնուրույն բուժզննումներ անցնել։ Խնդրի բարդացումից խուսափելու համար հարկավոր է դիմել նեղ մասնագետին ու հետևել նրա ուղղորդումներին։



















