Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը, որի ժամկետն ավարտվում է հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա ասել է, որ այդ որոշումը կայացվել է նախօրեին՝ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում տեղի ունեցած նիստում։

Հետաքրքիր է, որ ԵՄ-ն նման որոշում է կայացնում Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է, որ իրավիճակը կտրուկ սրվում է Ռուսաստանի շուրջ և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում։ Այդ առումով, ըստ նրա, ԵՄ դիտորդական առաքելությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի դեմ երկրորդ ճակատ բացելուն խանգարող հանգամանք է ։ 

Հայ–ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելության մանդատը  չի երկարացվի։ Եվրոպական միության արտաքին հարցերով գլխավոր պատասխանատուն՝ Ժոզեֆ Բորելն է այդ մասին հայտարարել։ Առաքելության աշխատանքը Բորելը արդյունավետ է համարել, բայց մանդատի ժամկետը չերկարաձգելու պատճառները չի նշել։ Միայն ասել է, որ, ըստ պայմանավորվածության՝ առաքելությունն  իր գործունեությունը պետք է ավարտի դեկտեմբերի 19-ին։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որ ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»:

Ավելի վաղ, դեռ անցյալ շաբաթ, Եվրամիության քաղաքացիական դիտորդական խմբի մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին  պաշտոնապես խոսել էր Ֆրանսիան։

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ առաքելության ներկայությունը պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Նա ընդգծել էր, որ դա է Ֆրանսիայի և Հայաստանի համոզմունքը։

Նշենք, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու ցանկության մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևանի այդ ցանկությանը մինչ օրս պաշտոնապես արձագանքել է միայն պաշտոնական Փարիզը։     

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ այս պահին ԵՄ դիտորդական առաքելությունը չերկարաձգելու մեկ պատճառ կա.

«Այս պահին ԵՄ-ի համար և, ընդհանրապես՝ հավաքական Արևմուտքի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը, այսինքն, որ այստեղ իրավիճակը հնարավորինս սրվի, լարվածությունը ավելանա և, այդ իմաստով, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, բնականաբար, խանգարող հանգամանք էր»։

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Արևմուտքի տեսանկյունից շատ կարևոր է այդ ճակատի բացումը, ուստի ցանկալի չէ, որ այստեղ միջազգային դիտորդներ լինեն։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն է տեղակայել ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից մոտ մեկ ամիս անց Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: 40 եվրոպացի դիտորդների առաքելությունը, ինչպես Եվրամիությունն էր պարզաբանել, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում իրավիճակը դիտարկելն էր։ Եվրոպական Միությունը հատուկ շեշտել էր, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու.

«Այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»:

Հայ — ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների ֆոնին, սակայն, Եվրամիության կողմից առայսօր արձագանք չկա, որտեղ հղում կատարվի եվրոպացի դիտորդների տրամադրած տեղեկությանը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ զեկույցներ, հորդորներ ու կոչեր դեռ կլսենք՝ այդ առումով, սակայն, դրանից ավել սպասելիք պետք չէ ունենալ։

«Չեմ կարծում, որ դրանից ավելին լինի, որովհետև ակնհայտ է, որ որևէ ցանկություն չկա մեր տարածաշրջանում իրավիճակը հանդարտեցնելու։ Ավելին՝ աշխարհաքաղաքական իմաստով, գլոբալ առճակատման իմաստով, կարծես թե,  արտաքին աշխարհի համար՝ միջազգային հանրության համար գերադասելի է այստեղ լարվածության աճը։ Այս պահին Արևմուտքի համար շատ ավելի կարևոր է Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացումը, իսկ դրա կարևոր հնարավորություններից մեկն էլ Թուրքմենիա-Ադրբեջան-Թուրքիա գծով Ռուսաստանը շրջանցող էներգակիրների նոր հոսք ապահովելն է, ինչի ուղղությամբ Արևմուտքն ինտենսիվորեն աշխատում է։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Ադրբեջանին 2 մրդ դոլարի օգնության տրամադրման որոշումը»։   

Դա հաշվի առնելով էլ վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ կոնկրետ քայլեր կամ արդյունք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից չենք տեսնի և Ադրբեջանին գործուն մեխանիզմներով զսպելու քայլեր չեն լինի։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն