Ներգրավվածության նոր փորձ Հարավային Կովկասում . ի՞նչ նպատակներ է հետապնդում Եվրամիությունը
Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում։ Ենթադրվում է, որ այն հիմքեր կնախապատրաստի Հայաստանում ԵՄ առաքելության ավելի երկար ժամկետով տեղակայման համար։Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ դեկտեմբերի 19-ին Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետի ավարտի կապակցությամբ:
Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել էր հոկտեմբերի 20-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում:
«Եվրոպացի 40 փորձագետների տեղակայումն ապացուցեց իր արդյունավետությունը և նպաստեց անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով», — հայտարարել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում, որ մեծացնի անվտանգության իրավիճակի վերաբերյալ ԵՄ տեղեկացվածությունը և նպաստի քաղաքացիական Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը: Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործում։
Անցած ժամկետում առաքելությունը որևէ զեկույց չի հրապարակել։ Հայկական կողմը, սակայն, բարձր է գնահատել դրա արդյունավետությունը։ Այդ մասին հայտարարել է նաև ԵՄ արտգործնախարարը։ 7 օր առաջ Բյուսելը հայտարարեց, որ Հայաստանում դիտորդական առաքելության մանդատի ժամկետը չի երկարաձգվի: Այդ դեպքում ո՞րն է ԵՄ նոր առաքելության հիմնական նպատակը։ Քաղաքագետներ Սուրեն Պետրոսյանը և Հայկ Սուքիասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել են Բորելի այսօրվա հայտարարությանը:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ ԵՄ քաղաքացիական եռամսյա դիտորդական առաքելության մոնիթորինգի արդյունքները Բրյուսել փոխանցելուց հետո է որոշվել, որ նոր անցումային խումբ գործուղվի Հայաստան։
«Հավանաբար իրենք նաև հասկացել են, որ այն, ինչն իրենք արել են, կարճաժամկետ արդյունք է տվել, ֆունդամենտալ չի և որոշել են նոր բան անել։ Բայց այդ «այլ բանն էլ» առայժմ դժվար է հասկանալ, քանի որ՝ ինչ-որ բառերի կույտ կա, հեղհեղուկ տեղեկություն, որը հստակություն չի հաղորդում։ Եթե ընթացքում փոքր-ինչ մանրամասնեն՝ կհասկանանք»։
Հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդական գործում ԵՄ նոր խումբն ինչո՞վ կարող է օգնել Շառլ Միշելին այն հարցում, որ չկարողացավ կամ չէր կարող անել ԵՄ քաղաքացիական դիտորդների խումբը։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Հայկ Սուքիասյանն այսպիսի կարծիք հայտնեց.
«Նայած, թե ներգրավվածության չափն ու կազմը ինչ է լինելու։ Եթե նրանց մեջ կլինեն, ենթադրենք, պրոֆեսիոնալ զինվորականներ, սահմանազատման, սահմանագծման պրոֆեսիոնալ մասնագետներ, նրանք կարող են շատ ավելի լուրջ աշխատանք անել և օբյեկտիվ վերլուծություն տալ։ Իսկ քաղաքացիական դիտորդների ներկայությունը, պարզապես, զսպիչ գործոն էր, ոչ ավելին՝ Ադրբեջանի ագրեսիան զսպելու։ Բայց քանի որ Շառլ Միշելը, նաև՝ Հայաստանի վարչապետի հետ միասին, որոշել են, որ սահմանազատում, սահմանագծում պիտի լինի, խաղաղ պիտի լինի, ենթադրում եմ, որ իրենց օբյեկտիվ ինֆորմացիա է պետք։ Այ դա կլինի արդեն օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցող, նաև՝ ավելի բարձր լեգիտիմություն ունեցող, որովհետև ինֆորմացիան էլ պետք է լեգիտիմություն ունենա։ Ենթադրում եմ՝ դա դրա համար է»։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, սակայն, անհնար է համարում ԵՄ դիտորդական առաքելության մեջ ռազմական տարր մտցնելու հնարավորությունը։ Նման բան կարող է լինել միայն Ռուսաստանի ռազմաքաղաքական պարտությունից հետո, ինչը բացառված է։ Դրան դեմ է լինելու Իրանը, հիմա էլ նկատելի է ռուս-իրանական սերտ համագործակցության խորացումը։
Ամեն դեպքում, ըստ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի, հստակ է, որ ԵՄ-ի բարոյական ուժն ու հեղինակությունը բարձր է, սակայն որպես աշխարհաքաղաքական միավոր չունի անհրաժեշտ ուժը։ Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ որևէ կերպով ԵՄ ներգրավվածությունը մեր տարածաշրջանում Ադրբեջանի համար զսպող, իսկ Ռուսաստանին հավասարակշռող դեր կունենա։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, մինչդեռ, թերահավատ է այս հարցում. նրանք չունեն գործիքակազմ, չունեն մանդատ, ուստի, քաղաքագետի համոզմամբ, ինչպես ԵՄ քաղաքացիական դիտորդների՝ երկամսյա առաքելության դեպքում, նոր խմբի ներկայությամբ էլ որևէ տարբերություն մենք չենք զգա՝ Ադրբեջանին զսպելու առումով։
«Սա ամբողջությամբ այլ նպատակի համար է արվում։ Դա, ուղղակի, այն ծխածածկույթն է ստեղծում, թե իրականում գործընթացներում կա ներգրավվածություն։ Բայց տարածաշրջանում ընդհանրապես գործընթացները միտված չեն որևիցե կարգավորմանը։ Ես չեմ ասում՝ ադրբեջանական զորքերի հետ քաշմանը ու ընդհանրապես. բացարձակապես՝ նույնիսկ կարգավորմանը թեկուզ՝ ի շահ Ադրբեջանական կողմի, նույնիսկ դրան միտված չէ։ Դա ընդհանրապես, իրականում, գետնի վրա քաղաքականության հետ որևէ աղերս չունի։ Ամենաառաջին հերթին այս պարագայում կարելի է դիտարկել ավելի գլոբալ մասշտաբով։ Որովհետև գնալով հիմա օղակը ավելի է սեղմվում Իրանի շուրջը և ամենևին էլ պատահական չէ, որ այս զարգացումները տեղի են ունենում։ Որքան էլ, որ մենք մտածենք «մեր շուրջն է ամեն ինչը պտտվում», դա իրականում այդքան էլ այդպես չէ»։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հիշեցնում է՝ թուրքական բարձրաստիճան պաշտոնյա-գեներալը նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, զուգահեռ՝ Իրանը արդեն փակել է Նախիջևան տանող ճանապարհը՝ խնդիրներ ստեղծելով Ադրբեջանի համար։ Քաղաքագետը նկատում է, որ այդ ամենը խոսում են բավականին լուրջ գործընթացների սկզբի մասին, որտեղ Հայաստանը, ցավոք, կարող է դառնալ գերտերությունների բախման գոտի։
«Ինչ վերաբերում է այստեղ ԵՄ ներկայացուցիչներին, այն էլ՝ անցումային կազմով, կամ թեկուզ՝ ոչ անցումային կազմով, բնականաբար, որևիցե բան այստեղ չեն անելու։ Առավելևս՝ նրանց որևէ գործողություն, նույնիսկ՝ տեսականորեն, չի կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից։ Ոչ թե նրա համար, որ Եվրոպական կողմը վատն է, ռուսականը՝ լավը, կամ՝ հակառակը, այլ Հայաստանն ինքը իր սեփական օրակարգը չունի և այստեղ ՀՀ-ն միայն արտաքին դերակատարների օրակարգերի ազդեցություն կրողն է դառնում։ Իսկ մենք գիտենք, որ որևիցե մեկը չի «քնում և արթնանում» ՀՀ օրակարգով»։
Ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուշադրության կենտրոնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն է լինելու, բայց դրանից զատ քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։



















