ՄԱԿ ԱԽ–ում հասցեական կոչեր են հնչել, Երևանում գործնական քայլերի են սպասում
Պաշտոնական Երևանը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի ապաշրջափակման հարցի քննարկումը և կարևորում անդամների հայտարարությունները, որոնց մեծ մասով պահանջվեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում կարծում են, որ ձևակերպումները կարևոր են հարցի միջազգայնացման համար և մեծացնում են ճնշումը Բաքվի նկատմամբ։ Հայաստանում հույս ունեն, որ այդ հայտարարություններին գործնական քայլեր կհետևեն։
Պահանջել Ադրբեջանից վերացնել Արցախի կյանքի ճանապարհի արգելափակումը և փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ։
Նա բացատրել է ներկաներին, որ Ադրբեջանն արշավ է սկսել Լաչինի միջանցքում պետական հովանավորությամբ և, որ ԼՂ-ում իրավիճակը մոտ է մարդասիրական աղետին։
ԱՄՆ ներկայացուցիչը խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտների և դրանց հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի առնչությամբ։
ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին միջազգային մարդասիրական իրավունքի ներքո կատարել պարտավորությունները և անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը ։
Ու չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածաշրջան գոյություն չունի, և Լաչինի միջանցքը չի արգելափակվել, բոլոր պատվիրակները հստակ շեշտում են ԼՂ ձևակերպումը՝ կոչ անելով Բաքվին բացել Բերձորի միջանցքը։
Ֆրանսիան կարծում է, որ պետք է հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան։
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա շուտով։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հիշեցնում է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Շեշտում է, որ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերականգնմանը։
«Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը»։
Նորվեգիայի ու Իռլանդիայի ներկայացուցիչների խոսքում հասցեական հստակ կոչեր են՝ ուղղված Բաքվին, առանց նախապայմանների վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հստակ վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ փոխհամաձայնության մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի», –գրել է նախարարը։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ կարևորել է միջազգային մեխանիզմների ստեղծումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես դրական է որակել ՄԱԿ-ի ԱԽ գնահատականները։
«Իսկապես շատ կարևոր է, որ նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի, Արցախի հարցը՝ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում, և շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի էր։ Անընդունելի է այն, ինչ կատարվում է․ 200 ժամից ավելի արդեն փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք, և ամբողջ աշխարհի, բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր և պարզ՝ սա անընդունելի է , և պետք է բացվի առանց նախապայմանների»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՄԱԿ ԱԽ քննարկումից հետո Բաքուն փակուղում է հայտնվել։ Հիասթափեցնող է գնահատում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է և նման ելույթով գուցե ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել՝ ասում է Սիմոնյանը։
«Համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը։ Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծում է Բաքվի դեմ միջազգային ճնշումը մեծացնելու կարևորությունը։
«Մենք պետք է փորձենք մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Երեկվա նիստից կարծում եմ ակնհայտ դարձավ, որ իրապես մեծացել է միջազգային ճնշումը, որովհետև ԼՂ հիմնահարցը ինքնին միջազգայնանում է կրկին և դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է։ Երեկ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին ԼՂ անվանումը ի հեճուկս Ադրբեջանի, բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը»։
Իշխանական պատգամավոր Արման Եղոյանի կարծիքով՝ ՄԱԿ ԱԽ–ում հնչած ձևակերպումները կարևոր են հարցի միջազգայնացման համար։
«Կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին։ Այդ տեղեկացվածությունը արդեն իսկ գործիք է իրավիճակը գետնի վրա կամ լավացնելու, կամ վատ չանելու համար»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Անվտանգության խորհրդի անդամների հասցեական կոչերը կատարված ծավալուն աշխատանքի արդյունք է համարում։
Հարցին, թե ՄԱԿ-ն ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանում է.
«Դուք գիտեք, որ նաև բանաձևերի ընդունման հնարավորություններ կան, նաև տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կան, ՄԱԿ ԱԽ գործիքակազմը հայտնի է, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՄԱԿ-ը սպեցիֆիկ կառույց է համարում, որն թեև քաղաքական մեծ կշիռ ունի, բայց որում որոշումից գործողություն անցումը միշտ չէ, որ սահուն է ընթանում։
«Ավելի էական է, թե միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ինչ ծավալով կլինի։ Արդյո՞ք այն կհանգեցնի խնդրի լուծման»։
Մամիջանյանը կրկնում է, որ ՀՀ–ն իր ողջ գործաքակազմով պետք է Արցախի կողքին լինի։



















