Առանց Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ զսպման քաղաքականության, հայկական շահերը պաշտպանել հնարավոր չէ
ՀՀ Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի առաջարկներն Ադրբեջանին փոխանցելու մասին։
«Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», — ասել էր վարչապետը։
Իր հերթին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել էր խաղաղության պայմանագրի տեքստում երաշխավորների ինստիտուտ ստեղծելու առաջարկի մասին։
Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը գտնում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածություններում Բաքուն կարողանում է իր օրակարգը թելադրել։
«Եթե Երևանն ամբողջությամբ իր օրակարգից հրաժարվի և ընդունի Բաքվինը, ապա այդ պայմանագրի ստորագրումը հավանական է։ Այս դեպքում հիմնական հակասությունն արդեն միջնորդների ընտրության հարցում է լինելու` եվրոպական, ռուսական և ամերիկյան կողմերի միջև»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետը։ Նա շեշտում է, որ Բաքվի ցանկությունններն աստիճանաբար աճում են։ Նույնիսկ այն փաստաթուղթը, որը Բաքուն պատրաստ էր ստորագրելու երեք ամիս առաջ, այժմ դրանից ավելին է ուզում` ասում է փորձագետը։
Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Երևանի բոլոր համաձայնությունները Բաքուն դիտարկում է որպես ելակետ և ըստ ադրբեջանական կողմի` դիրքորոշումների պայքարում Բաքուն առաջընթաց է գրանցել, այլ ոչ թե համաձայնության է եկել Երևանի հետ։
«Նպատակների տարբերության պայմաններում հնարավոր չէ իրական որևէ պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ, և մինչև տարվա վերջ խաղաղության այդ պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է։ Առաջին պատճառը նախ՝ քաղաքական է, երկրորդը, որ Ադրբեջանը ցանկացած բանակցության արդյունք դիտարկում է որպես ելակետ Երևանի նկատմամբ հետագա ճնշման համար, այլ ոչ թե խնդրի լուծման շուրջ համաձայնություն։ Իրավիճակից դուրս գալու ելքերը մի քանիսն են։ Նախ՝ երկարատև ռազմավարության մշակումը, որը մարտավարության բացակայության պայմաններում, նույնիսկ, որոշակի արդյունքի կհանգեցնի։ Պետք է հասկանալ որ առանց ուժային գործոնի Հայաստանը դատապարտված է, ուստի բանակը պետք է վերականգնել, և ընդլայնել դիվանագիտական կապերը` առաջնային ուշադրություն դարձնելով Իրանին և Հնդկաստանին, հաշվի առնելով նաև ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները»,–ասում է քաղաքագետը։
Հրանտ Միքայելյանը խնդիրը գոյաբանական է համարում և գտնում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ առանց սիստեմատիկ զսպման քաղաքականության, հայկական շահերը, նույնիսկ ամենաչնչին հատվածում, պաշտպանել չի ստացվելու։



















