Ի՞նչ է գրում թուրքական ու ադրբեջանական մամուլն Արցախի շրջափակման մասին
Ադրբեջանական և թուրքական մամուլում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին նույնական մեկնաբանություններ են անում։ Փորձագետները նկատում են, որ, ընդհանրապես, Արցախի հարցում Ադրբեջանն ու Թուրքիան նույնական մոտեցում ունեն, իսկ լրատվամիջոցները հրապարակումներ և մեկնաբանություններ են ներկայացնում այնպես, ինչպես պետք է Բաքվի իշխանություններին։ Նույն մոտեցմամբ են այդ երկրների լրատվամիջոցներն անդրադարձել նաև Արցախի երեկվա հանրահավաքին։
Արցախում անցկացված վերջին հանրահավաքին ադրբեջանական մամուլի անդրադարձը միանգամայն սպասելի էր։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկումներով՝ դրանցում տեղ գտած շեշտադրումները նույնական են եղել, այդ թվում՝ տելեգրամյան ալիքներում, և անգամ՝ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցներում։ Բնականաբար, առաջին հերթին փորձ է արվել փոքրացնել հանրահավաքի մասնակիցների թիվը։ Ադրբեջանագետը նկատում է, որ 65-70 հազարանոց հանրահավաքը առավելագույնը 15 հազար մասնակցությամբ ներկայացնելով, ադրբեջանի լրատվամիջոցները փորձել են տեղավորվել «պաշտոնական թվանկարչության» շրջանակում։
«Առաջին հերթին, իրենց պաշտոնական քարոզչության համաձայն, Արցախում այս պահին ընդամենը 30-ից առավելագույնը 40 հազար մարդ է բնակվում։ Դա բազմիցս Իլհամ Ալիևի կողմից է հայտարարվել»։
Ոչ իշխանական լրատվամիջոց ու պատգամավոր այդ երկրում չկա, որ ընդդիմադիր տեսանկյունից խնդիրը դիտարկենք՝ ասում է ադրբեջանագետը։ Նա նշում է, որ ընդդիմադիր համարվող պատգամավորներն էլ, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, ներկայացրել են նույն իշխանական թեզերը.
«Փորձում էին ներկայացնել, իբր իրենց տեսանկյունից ամեն ինչ կարգին է՝ իրենք հումանիտար միջանցք բացում են, սա իրենց կեղծ քարոզչության հիմնական մեխերից մեկն է, բայց Արցախի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը պատանդ են պահում բնակչությանը, որպեսզի սեփական խնդիրները լուծեն ու նրանց թույլ չեն տալիս երթևեկել իբր իրենց բաց թողած այդ հումանիտար միջանցքով»։
Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի հայտարարություններ են «կարմիր թելի» պես անցել ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանումներում ու մեկնաբանություններում։ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ դրանք սպասելի մոտեցումներ էին։ Ադրբեջանագետն ասում է, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ մի քանի մեքենաների անցումն ադրբեջանցիները փորձել են ներկայացնել որպես հումանիտար միջանցք։ Մինչդեռ, հենց այդ փաստն ինքնին վկայում է Արցախի շրջափակված լինելը։
«Եթե Կարմիր Խաչով է միայն մուտքը և ելքը, սա արդեն խոսում է տոտալ շրջափակման մասին։ Բոլոր նմանատիպ իրադրությունները տարբեր պետություններում այդ մասին են խոսում»։
Ակնհայտ է, որ ի սկզբանե Բաքվի նպատակը միջանցքը փակելն է եղել ու դրա նկատմամբ հսկողություն սահմանելը։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ ադրբեջանական այսպես կոչված «բնապահպանական պահանջների» ետևում թաքնված առանցքային պահանջը ռուս խաղաղապահների հեռացումն է։ Թուրքագետը նկատում է, որ Արցախի տոտալ շրջափակման հետ կապված ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների լուսաբանումները միմյանցից առանձնապես չեն տարբերվում։
«Թուրքական մամուլը հիմնականում կրկնում է ադրբեջանական մամուլի ասածները։ Այսինքն, թուրքական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է՝ իրենք Ադրբեջանի կողքին են այս հարցում և քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, ապա չի կարող խոսք գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Հետևաբար, կարող ենք ասել, որ Թուրքիայի դիրքորոշումը որևէ կերպ չի տարբերվում այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումից»։
Փորձագետները կարծում են, որ եթե անգամ հիմա ատարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները, և Լաչինի միջանցքը բացվի, ապա դա չի նշանակում, որ ապագայում շրջափակումը չի կրկնվի, քանի որ Բաքվի պահանջները գնալով ավելանալու են, ամեն հնարավոր զիջումից հետո նոր պահանջներ են առաջ գալու։ Շատ բան էլ, ըստ փորձագետների, կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, քանի որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը շարունակվում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Հարավային Կովկասում։



















