2023-ն ավելի բարդ տարի է լինելու հայ-թուրքական հարաբերությունների համար․փորձագիտական կարծիքներ
Հայաստանի և Թուրքիայի միջև առաջիկայում հնարավոր է սկսվեն օդային բեռնափոխադրումներ, օրերս Անկարայի համալսարանում հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նա ասել է, որ հայկական կողմից որոշ քայլերի ակնկալիք ունի և կարծում է, որ շուտով դրանք կիրականացվեն։ Քըլըչն ասել է նաև, որ եթե այդ քայլերն արվեն, հատուկ ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում կկազմակերպվի կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում։ Ըստ նրա, այդ դեպքում երրորդ երկրների միջնորդության կարիք չի լինի։ 2022-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում երկու երկրների բանագնացները մեկ անգամ հանդիպել են Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում։
2021 թվականի վերջին գործնական փուլ մտած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ բանագնացները 2022-ին հանդիպել են չորս անգամ։ Բայց, թեև Անկարան վստահեցնում էր, որ տեղաշարժի հնարավորություն կա, թուրքական կողմի խոստումները մնացին օդում կախված։ Հայ փորձագետները համոզված են, որ Թուրքիան պատրաստ չէ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որևէ քայլի։ Փոխարենը անդադար քողարկված նախապայմաններ են ներկայացվում Հայաստանին և դա արվում է Ադրբեջանի միջոցով։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցնում է, որ ՀՀ անկախացումից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մի քանի փորձ արվել է, սակայն դրանք ոչ մի տեղաշարժ չեն գրանցել։ Փորձագետը համոզված է, որ այս գործընթացը ևս բացառություն չէ
«ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ բոլոր ղեկավարները փորձ են արել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել և ոչ ոքի մոտ չի ստացվել։ Չի ստացվել, քանի որ Թուրքիան չի ուզել։ Այսօր էլ Թուրքիան չի ուզում։ Թուրքիան ցանկություն չունի ՀՀ-ին տարածաշրջանում դիտարկել որպես սուվերեն պետություն և նրա հետ հարաբերություն կարգավորել ու երկխոսության նստել»։
Փորձագետը շեշտում է, որ Թուրքիան նախապայմաններ է դնում, նպատակ ունենալով իր ազդեցության տակ վերցնելու Հայաստանը։ Անկարան խոսում է իրեն չվերաբերող արցախյան խնդրի ադրբեջանամետ լուծումներից, 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ ղեկավարել է պատերազմն ու ռազմական տեխնիկայի և զինուժի լիարժեք աջակցություն ապահովել Ադրբեջանի համար։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ Թուրքիան առիթը բաց չի թողնում խոսելու հայկական սփյուռքի գործողությունների անընդունելիության մասին, ձգտում է քողարկել իր ցեղասպան կերպարն ու մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը։ Ընդ որում, փորձագետը կարծում է, որ ցեղապանության փաստը Թուրքիայի ամենախոցելի կետերից է, ուստի Անկարան ամեն կերպ փորձում է լուսանցքում թողնել այն։
Իսկ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները Հովհաննիսյանը ձևական է համարում։ Դրա վկայությունն է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպումը, որտեղ կողմերը պայմանավորվեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։
«Թուրքիայի մեխն այն է, որ չի գնա ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման քանի դեռ ՀՀ ամբողջությամբ չի անցել իր վերահսկողության տակ, ոչ թե կառավարման ձևով պետք է հասկանալ վերահոսկողությունն այլ ազդեցությամբ»։
Կարեն Հովհաննիսյանը 2022 թվականը անհաջող տարի է համարում հայ–թուրքական հարաբերությւնների կարգավորման առումով։ Ընդ որում՝ նա հոռետես է նաև գալիք տարվա նկատմամբ, քանի որ Անկարան Բաքվի ձեռքերով փորձում է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք» պոկել, ինչը չափազանց բարդացնում է իրավիճակը․։
«2022 թվականը չհաջողված էր, սակայն 2023 թվականն էլ է այդպիսին լինելու և ընդհանրապես, քանի այս հակամարտությունը կա, մենք հարաբերությունների կարգավորում չպետք է անկնալենք»։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ հայ-թուրքական հաշտեցումը ուղղակիորեն պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններով և կախված է Արցախի ապագայից։ Վերլուծաբանն անիմաստ է համարում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելը։
«Մեր ակնկալիքը կլիներ այն, որ Թուրքիան Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրեր, որպեսզի իրենք փոքր ինչ թուլացնեին իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և նստեին առարկայական բանակցությունների սեղանի շուրջ, բայց ես չեմ կարծում, թե Թուրքիան Ադրբեջանի իշխանությունների վրա նման ճնշում կգործադրի։ Նրանք ընդհակառակը բաց տեքստով հայտարարում են, որ պետք է օգտվել Հայաստանի թույլ վիճակից և վերջապես ստանան այն ինչ երկար ժամանակ ուզում էին։ Կարծում եմ 2023 թվականին Հայաստանի վրա այդ ճնշումները ոչ թե թուլանալու են այլ ուժեղանալու են»։
Հայ փորձագետները կարծում են, որ նման պայմաններում 2023-ը շատ ավելի լուրջ և ծանր տարի է լինելու Հայաստանի Հանրապետության համար։



















