Արմատական փոփոխություններ համակարգում չեղան, բայց եղան ուշագրավ նշանակումներ, գործարկվեց բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությունը:

Արդյունքներ սպասվում էին ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումից․ դատավճիռներ դեռևս չկան, բայց ընթանում են դատական պրոցեսներ։

2022-ին դատարան է ներկայացվել 21 հայցադիմում, կալանք է դրվել 60-ից ավելի անձանց շուրջ 250 միավոր գույքի վրա՝ որպես հայցի նախնական ապահովման միջոց։ Դիմումների ընդհանուր հայցագինը հասնում է շուրջ 100 միլիարդ դրամի։ 

Նոր դատախազ, ԲԴԽ նոր նախագահ, արդարադատության նոր նախարար, ՍԴ նոր անդամներ և մեկ գաղտնի ու աղմկահարույց ձայնագրություն, որը փոխեց դատական բարձրագույն իշխանության  երկու ներկայացուցչի մասնագիտական ճանապարհը: 2022-ն իրադարձությունների առումով առատ էր դատաիրավական ոլորտի համար, բովանդակությամբ՝ առանձնապես ոչ արդյունավետ: Կարծիքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։

«Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, որ մենք այստեղ իրական հաջողություններ չունենք: Անկախ դատական համակարգը մեր իդեալն է: Մենք իրոք ուզում ենք, որ երկրում անկախ դատական համակարգ լինի: Երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգություն դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը, և պետք է ասեմ, որ այդպիսի երկիր չկա, որտեղ մի գործողությունով դատական համակարգում փոփոխությունները կատարվեն: ԵՄ անդամ-երկրներ կան, որտեղ դատական համակարգի էպոպեան արդեն տասնամյակից ավելի է տևում»:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումները դեռ դիտարկվում են հնգամյա կտրվածքով: Հավակնոտ ռազմավարությունը մշակվել էր 2019-ին, բայց համաճարակն ու պատերազմը կիսատ էին թողել գործերը: 2022-ն արդարադատության նախարարի պաշտոնում սկսած, բայց տարին ԲԴԻ նախագահի պաշտոնում ավարտած Կարեն Անդրեասյանը վստահեցրեց՝ ռազմավարության իրականացումը սկսում են 2022-ին, բայց 5 տարի սպասելու կարիք չի լինի: Գործերից շատերն առաջիկայում իրականություն կդառնան:

«Մենք նախատեսում ենք հակակոռուպցիոն դատարանների նոր շղթայի գործարկումը: Հակամարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, կունենանք հակակոռուպցիոն դատարաններ 3 ատյաններում: Մոտ ենք, որպեսզի քննիչների և դատախազների ամբողջ գործընթացները թվայնացվեն և վարույթները միմյանց փոխանցվեն թվային եղանակներով: Նախաձեռնելու ենք, որպեսզի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Դա կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն միջոց կդառնա: Նաև բարեվարքության ստուգում է նախատեսվում դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար»:

Հատկապես բարեվարքության առումով համակարգում դեռ անկայուն իրավիճակ է: Տարվա ընթացքում համակարգում իրականացվեց ամենաաղմկոտ նշանակումներից մեկը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանից 2018-ից առաջ դժգոհում էին այն ժամանակվա ընդդիմադիրները, դատավոր Մնացական Մարտիրոսյանից 2018-ից հետո դժգոհում են արդեն նոր ընդդիմադիրները: Բայց ԲԴԽ-ն որոշեց ամենաքննադատված և աղմկահարույց քաղաքական ենթատեքստեր ունեցող դատավարությունների դատավորին նշանակել Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում: Շատերն այդպես էլ չընկալեցին այդ նշանակումը: Փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով՝ հենց այդ նշանակումն է բնորոշում Հայաստանի դատական համակարգը: 

«Մենք խոսում ենք, որ տոտալ մնացականմարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում: Ես գիտեի, որ Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին դատապարտողն էր ու առնվազն շատ լսել եմ, որ ասում էին՝ Նիկոլ Փաշինյանին ոչ արդարացիորեն է, չէ՞ , դատապարտել: Հիմա առնվազն Մնացական Մարտիրոսյանի դատական ակտերի նկատմամբ ոչ վստահությամբ վերաբերվելը , կարծում եմ, առավել քան նորմալ է»:

Վեթինգ, լյուստրացիա և անցումային արդարադատություն. այս ձևակերպումները 2022-ին գրեթե մոռացվեցին: Բայց ամբողջ տարվա ընթացքում, օրինակ, թեժ պահվեց «թալանի վերադարձ» ազդեցիկ ձեւակերպմամբ նպատակը: Պարբերաբար շրջանառության մեջ հայտնվեցին աղմկահարույց գործեր, նախկին պաշտոնյաների անուններ, հրապարակվեցին ապօրինի ծագում ունեցող  գույքի դրամական տպավորիչ ցուցանիշեր: Գործերից շատերը դատարանում են, դատավճիռներ առայժմ չկան, պաշտոնյաներից շատերը հետախուզման մեջ են:

2022-ին ամենաաղմկահարույցը թերևս Լոս Անջելեսում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթացն էր և Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը: Այսպիսի գործերով զբաղվում է գլխավոր դատախազությունը: Ե՛վ կառույցը, և՛ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կարևորագույն ուղղությունը 2022-ից համակարգում են կանայք: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնը վստահվեց կնոջը: 36-ամյա Աննա Վարդապետյանից 24 ժամ պահանջվեց առաջարկն ընդունելու և հասկանալու համար, որ այս  պաշտոնն իր համար ծանր բեռ չէ:

«Շատ գործընթացներ կան, որոնք արդեն ավարտին են մոտենում, դա դատախազության գործունեության նոր ուղղություններից մեկն է, այդ առումով արդյունքներ դեռևս չկան: Բայց կան մի շարք գործերով դատարան ուղարկված հայցեր և ավարտվող վարույթներ, որոնք ուղարկվելու են դատարան: Դա, կարծում եմ, լինելու է աշխատանքի հիմնական ուղղությունը դատախազության համար»:

Դատաիրավական ոլորտը 2022-ին չխուսափեց նաև խնամի–ծանոթ– բարեկամ՝ ԽԾԲ հապավման օգտագործումից: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չհերքեց՝ իր տեղակալը համատեղության կարգով նաև իր մոտ ընկերն է։

«Գրիգոր Մինասյանը իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ և, քանի որ արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես մնացած բոլոր նախարարների տեղակալները քաղաքական պաշտոն է, դա է հենց հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլև՝ վստահելի մասնագետի, որը քո հետ  կիսում է քո գաղափարները: Այդ իմաստով պարոն Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»:

Գրիգոր Մինասյանը տարին սկսեց  արդարադատության փոխնախարարի, եզրափակեց նախարարի պաշտոնում: Արդարադատության նոր նախարարի պաշտոնավարումը համընկավ մեկ այլ աղմկահարույց գործով նոր զարգացման հետ: Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի և Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ 2022-ի ավարտին հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակման հատկանիշներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն