Զինվորական կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները կսպասեն վարչապետի հետ հանդիպմանը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր հանդիպել են վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ: Վերջինը խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Նիկոլ Փաշինյանին եւ հնարավոր հանդիպման մասին նրանց տեղեկացնել: Այս պայմանավորվածության արդյունքում ծնողները դադարեցրել են բողոքի ակցիան, որը Կառավարության շենքի մոտ սկսել էին վաղ առավոտից։
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատները դեպքից գրեթե 3 ամիս անց էլ բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն։ Հարցերի պատասխանները ստանալու համար նրանք դարձյալ հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պնդելով նույն պահանջը՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ծնողները չեն հավատում նախաքննության պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։
«Ի՞նչ հեքիաթներ են պատմում,15 երեխա մնաց քնած։ Չի կարող, այնտեղ վառվողը եղել են երեխաների մահճակալներն ու անկողինը։ Դրանք չէին կարող երեխաներին 98 աստիճան այրել»։
Ծնողներն այսօր փակել էին Ամիրյան, Տիգրան Մեծ փողոցները։ Բացեցին այն ժամանակ, երբ ոստիկաները տեղեկացրեցին, որ նրանց պահանջը փոխանցվել է կառավարության ներկայացուցիչներին:
«Մենք ոչ մի պատասխան չենք ստանում, ուզում ենք իրենից իմանալ, հարցեր ունենք։ Վախենո՞ւմ է։ Իմ տղան մեկնել էր ծառայության ու 25 օր էր մնացել, որ տուն գար։ Թող ադրբեջանցու հետ կռվեր, զոհվեր, ոչ թե իր համար հանգիստ քներ ու առավոտը մոխրացված լիներ։ Ախր դուք նկարները չեք տեսել, Փաշինյանն էլ չի տեսել երևի»։
Նշենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խոստացել էր պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Սակայն հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպումը նպատակահարմար չեն համարում։ Ծնողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը նախաքննությունն ուղղորդված է համարում։
«Դեպքից հետո կառավարության այդ օրվա նիստը ես գնահատում եմ որպես արտակարգ դատարան։ Գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ իրավունք չուներ որևէ քրեական վարույթի վերաբերյալ որևէ տեսակետ արտահայտել, որևէ պաշտոնական վարկած դնել շրջանառության մեջ, ինչը կարող էր դիտարկվել ուղղակի հրահանգ»,–ասում է Նորիկյանը։
ՀՀ քննչական կոմիտեից «Ռադիոլուրին» տեղեկացնում են, որ գործի նախաքննությունը շարունակվում է, հրդեհատեխնիկական, նյութատեխնիկական ու դատաբժշկական բազմաթիվ փորձաքննություններ են նշանակված, որոնց մեծ մասի եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ 5 անձ՝ այդ թվում կապիտան Եղիշե Հակոբյանը, ունեն մեղադրյալի կարգավիճակ, 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ օրեր առաջ վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանցից երկուսի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է դատարան ներկայացրել, որը բավարարվել է։ Քննչական գործողությունները ակտիվ շարունակվում են, այդ թվում’ նաեւ տուժողների, այսինքն ծնողների մասնակցությամբ։
Հրապարակման ենթակա այլ մանրամասներ, ըստ Քննչական կոմիտեի, այս պահին չկան։