Ապրիլի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում դիմակավորված անձինք հարձակում են կատարել Վրաստանի հայ համայնքի նախագահ Արթուր Միրզոյանի վրա, հայտնում է Jnews-ը՝ հղում անելով Միրզոյանի ֆեյսբուքյան էջին:

Արթուր Միրզոյանի խոսքով, գրասենյակից տուն գնալու ճանապարհին իր վրա են հարձակվել 3 անհայտ անձինք, նրանք եղել են դիմակավորված։ Նրանցից երկուսը մոտեցել են իրեն, հայհոյել, հարվածել և ծեծել, իսկ մեկն այդ ամբողջ ընթացքում նկարահանել է կատարվածը։ Արթուրի ուղիղ եթերից երևում է, որ նա մարմնի տարբեր հատվածներում ունի վնասվածքներ, պատառոտել են նրա հագուստը և ջարդել հեռախոսը: Երբ Արթուրը կարողացել է ոտքի կանգնել և աղմուկ բարձրացնել, հարձակվող անձինք փախուստի են դիմել:

Դեպքից 15 րոպե անց, Արթուրի զանգից հետո դեպքի վայր են եկել իրավապահ մարմինները։

Արթուր Միրզոյանը համարում է, որ հարձակման նպատակն էր վախեցնել և խոչընդոտել ապրիլի 23-ին և 24-ին պլանավորվող միջոցառումները։

«Կոչ եմ անում բոլոր վիրահայերին համախմբվել և ապրիլի 24-ին մասնակցել երթին, որը սկիզբ է առնելու Ֆիլարմոնիայից և շարժվելու է դեպի Թուրքիայի դեսպանատուն: Սա միայն Վրաստանի հայ համայնք կազմակերպության հարցը չէ, սա յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող հայի հարցն է», – ասվում է Արթուրի տարածած տեսանյութի մեջ:

Jnews-ը փորձել է կապ հաստատել Արթուր Միրզոյանի հետ, բայց տեղեկացել է Վրաստանի հայ համայնքի գրասենյակից, որ նա ոստիկանական բաժնում է:

Jnews-ը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից սպասում է պատասխանի այս միջադեպի մանրամասների մասին։

Ալիք Մեդիան գրում է, որ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Թբիլիսիում կկայանա ջահերով երթ և երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։

Ապրիլի 23-ին ժամը` 19:30-ին տեղի կունենա ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյից դեպի Հավլաբարի (Ավլաբարի) Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող խաչքար, նվիրված` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Իսկ ապրիլի 24-ին ժամը 13:00-ին երթի մասնակիցները ֆիլհարմոնիայի մոտից կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն