Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու կամ դրանց թիվն ավելացնելու վերաբերյալ ռուս տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ են անում։  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախորդ տարի հայտարարել էր, որ Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը։ Օրերս էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաց լեզվի տարածմանն ուղղված ծրագրերի մասին։

«Ղրղզստանում Ռուսաստանի միջոցների հաշվին ռուսալեզու դպրոցների կառուցման ծրագիր է իրականացվում։ Այդ դպրոցներից առաջինն ինը կբացվի 2025 թվականին, իսկ 2027 թվականից բոլորը կարող են ընդունել 11000 աշակերտի։ Նաև ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Սիրիայի, Ղազախստանի և Աֆրիկայի մի շարք բարեկամ երկրների հետ»,- ասաց նա։

Իր հերթին Կրթության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը Յանա Լանտրատովան հայտարարել էր, որ Ղրղզստանում ինը դպրոցի կառուցման պայմանագիր է ստորագրվել։

«Կարծում եմ, որ այս կարևոր դրական փորձը պետք է զարգացնել այլ բարեկամ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում, որը ԱՊՀ երկրների շարքում չէ, բայց մեզ համար բարեկամ եվրասիական երկիր է»,- ընդգծել է Յանա Լանտրատովան։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա ռուսական աշխարհի շարունակությունն է այդ երկրներում. «Դա ոչ թե իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես ասենք, մենք շահագրգռված ենք, որ այն երկրներում, որտեղ հայ կա, լինի նրանք հայկական կրթություն ստանալու հնարավորություն ունենան, դա իրենց համար մերձակա երկրներում խարիսխ գցելու, այդ երկրների վրա ազդեցություն ունենալու, այդ երկրներում ռուսախոսությունն արհեստականորեն խթանելու և իրենց համար քաղաքական, մշակութային, հոգեբանական ավելի բարվոք մթնոլորտ ստեղծելու քաղաքականություն է՝ ի հաշիվ այդ երկրների ինքնիշխանության: Մեր իշխանություններն ասում են՝ բա էսքան մեծ թվով ռուս է եկել Հայաստան, իրենց մայրենի լեզուն է, պետք է կրթություն ստանան իրենց լեզվով: բայց ի՞նչ է, դրանից առաջ ռուսներն այդ հարցը չէին բարձրացնո՞ւմ: Ռուսները պահանջում են, որ նույնիսկ Հայաստանի նման մոնոնացիոնալ երկրում, որտեղ հայերը 98 տոկոս են, պարտադիր լինի ռուսախոսությունը: Այսինքն պարտադիր լինի մի զանգված, որի խոսակցական և մայրենի լեզուն և պրեստիժի լեզուն լինի ռուսերենը: Դա իրենք դիտարկում են իրենց ազդեցության տեսանկյունից: Թե որքանով է դրան դիմակայում մեր կառավարությունը, դա խոսում է այդ կառավարության՝ զգային շահերով առաջնորդվելու մասին: Եթե կառավարությունը չի կարողանում դրա դեմն առնել, ուրեմն ոչնչով չի տարբերվում նախորդներից»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Ղրղզստանում ռուսական դպրոցներ բացելուն, Արմեն Հովհաննիսյանը նկատեց, որ այդ երկրում երկու պաշտոնական լեզու կա՝ ռուսեներ և ղրղզերեն. «ԵԱՏՄ երկրների մեջ միակ երկիրը, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի, Հայաստանն է, և իրենց ճնշումները տանում են նրան, որ ռուսերենը ունենա կարգավիճակ Հայաստանում: Հայաստանում բացի հայերենից, որևէ այլ լեզու պետական կարգավիճակ չունի և չպետք է ունենա: Նույն հաջողությամբ եթե ասեն՝ Իռլանդիայում անգլիական դպրոցներ կան, պետք է հիշեցնել, որ իռլանդացիների 90 տոկոսն անգլախոս է, իսկ մենք ռուսախոս չենք: Մենք մեր մայրենի լեզուն պահպանել ենք, այն պետական կարգավիճակ ունի, գործածվում է բոլոր ոլորտներում, որևէ խնդիր չի ստեղծում: Համատեղությամբ մեկ այլ պաշտոնական լեզու մեզ պետք չի»:

Ինչ վերաբերում է նրան, որ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման դեմ, արդյոք հիմա կընկրկեն ռուսական ճնշման դեմ, Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Ռուսական կողմն ասում է, որ գնում են բանակցություններ: Ես համոզված եմ, որ այդպիսի բանակցություններ, իսկապես ընթանում են: Թե ինչպե՞ս են պահում մեր իշխանությունները այդ բանակցություններում, դա այլ հարց է, բայց հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընթանում այդ բանակցությունները: Օրինակ, հայտարարում են՝ մենք միութենական պետության կազմ մտնելու օրակարգ չունենք, իսկ ինչո՞ւ չեն հայտարարում, որ ռուսական դպրոց բացելու օրակարգ էլ չունենք: Սա շատ կարևոր հարց է: Ռուսները հոգեբանորեն հարձակվելու են այնքան ժամանակ, մինչև չհասկանան, որ դա անհնար է: Իսկ քանի դեռ իրենք տեսնում են, որ մեր «ոչ»-ի մեջ չկա 70-80 տոկոսանոց համոզմունք, իրենք փորձելու են մեր «ոչ»-ը դարձնել «այո»: Իրենց համար շատ կարևոր է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում որոշակի լեզվական, մշակութային գոտի ձևավորվի, որը օբյեկտիվորեն ռուսամետ է: Դա Ուկրաինայում բերեց քաղաքացիական պատերազմի, ապա նաև երկու ռուս-ուկրաինական պատերազմների է բերել, արյունահեղության, քաղաքների ոչնչացման և այլն: Ռուսալեզությանն աջակցելով իրենք տանում են դրան»,-հայտարարեց քաղաքագետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն