Ո՞վ է վաշինգտոնյան բանակցությունների հետաձգման ակամա «մեղավորը»
Եթե ամեն ինչ ընթանար ծրագրվածով, արդեն հայտնի կլիներ, թե ինչ բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում, և ինչ առաջարկներով են հանդես եկել կողմերը։ Սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ Ադրբեջանի խնդրանքով։ Հայաստանի խորհրդարանում համոզված են, որ հետաձգման համար նոր և սուր նախապայմաններ կամ անհամաձայնություններ չէին կարող լինել։ Աժ–ում պարզապես ենթադրում են, որ հանդիպման հետաձգման պատճառը Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի այցն էր Բաքու։ Ամեն դեպքում, հայկական կողմը սպասում է, որ առաջիկայում բանակցությունները կվերսկսվեն։ Հերթական բանակցություններից առաջ, սակայն, Ադրբեջանը նոր խնդիր է դրել շրջանառության մեջ՝ կրկին հյուսելով հայտարարություն–կասկածներ–հերքում մշտական շղթան։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագիրը» մի քանի անգամ արդեն կնքված կլիներ, եթե չլիներ բանակցային օրակարգի ամենաբարդ հարցը, համոզված է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Աժ նախագահը արդարացի չի համարում բանակցային տեսանկյունից Հայաստանի իշխանությանը մեղադրելը․
«Արցախի անվտանգության երաշխիքներն ամենակարևոր և ամենաբարդ կետերից մեկն է այս բանակցությունների մեջ։ ժամանակին բոլորը՝ լրագրողները, խոսում էին, քննադատում էին, որոնք Արցախը բանակցային պրոցեսից դուրս էին թողել։ Քննադատում էիք, չէ՞։ Հիմա մենք բերել ենք Արցախը ինչ–որ կարգավիճակով, ինչ–որ ձևով, ինչ–որ ձևաչափով փորձում ենք հանսել նրան, որ բանակցությունների մասը դառնա։ Բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակը։ Իհարկե, ոչ, իհարկե այդպես չէ։ Եթե այդ հարցը չլիներ, պայմանագիրը մի 3–4 անգամ արդեն կնքել էինք»։
Սա է բանակցությունների առանցքային մասը։ Մնացած տարաձայնությունները տեխնիկական են, համոզված են իշխանության ներկայացուցիչները։ Այդպիսի տեխնիկական տարաձայնություն են համարում, օրինակ, փոխվարչապետների հայտարարությունների փոխանակումը՝ Հայաստանի տարածքով անցնող ապագա ճանապարհի վերահսկողության առումով։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ ճանապարհը տրվելու է ռուսական կողմի վերահսկողությանը, հայկական կողմը պնդում է, որ ապաշրջափակվող ճանապարհները լինելու են բացառապես ՀՀ ինքնիշխանության սահմաններում։
Աժ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պնդում է, որ այս վեճում խառնվում է երկու տարբեր հարց։ Ասում է՝ անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը պետք չէ խառնել այն հարցի հետ, թե սահմանին որ երկրի սահմանապահն է նստած լինելու։ Պատգամավորը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նաև երրորդ՝ ռուսական կողմի հայտարարություններին․
«Ռուսաստանը այլ բան չի ասում, Օվերչուկը քանի՞ անգամ հայտարարեց, որ իրավազորության հարց չի քննարկվելու։ ՀՀ երբ մտնում է մեկ ավտոմեքենա, ՀՀ–ն պետք է 100%-ով իմանա ինչ է այդ մեքենայի մեջ, ինչքան է այդ մեքենայի մեջ, երբ մտավ այդ մեքենան ՀՀ և դուրս եկավ ՀՀ–ից։ Այ, սրա մասին է խոսքը։ Մեր պատասխանն այն է, որ 100%–ով ՀՀ–ն սա պետք է իմանա՝ մեկ, և երկրորդ՝ ունենա իրավազորություն որոշելու, թե որ ավտոմեքենան որ տեսակի բեռը, որ քանակի բեռը կարող է մտնել ՀՀ։ Բեռներ կան, որոնք բնականաբար, չեն կարող տեղափոխվել»։
Հայկական կողմի այս պնդումը, Եղոյանի համոզմամբ, որևէ կերպ չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետին, որտեղ նշված է՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ծառայության մարմինները»: Որպես օրինակ, նշում է հայ–իրանական սահմանը, որտեղ ծառայություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները, բայց այդ ճանապարհը ՀՀ իրավազորության տակ է։
Ըստ Եղոյանի, առանձնապես բացատրության կարիք չունի, թե ինչու է Հայաստան–Ադրբեջան ճանապարհի ապաշրջափակման տեխնիկական կողմը տարբերվում մյուս ուղղություններից․
«Ամեն դեպքում, հասկանում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկա այդ փոխվստահության այն մակարդակը, որ կա այլ պետությունների հետ։ Հենց հիմա քննարկումները գնում են այն հարցի շուրջ, թե ինչպես են ճանապարհները ապաշրջափակվելու։ Թե որ շենքում ով է նստելու, որ տեսախցիկով ով է դիտարկելու ճանապարհի որ մետրը, լինելու է ուղեկցում, թե չի լինելու, լինելու է ուղեկցում որևէ շարասյան առջևից և հետևից, թե քանի ավտոմեքենա, դրանք տեխնիկական հարցեր են»։
Հարցերի որ շրջանակն են քննարկել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնի չէ։ Կառավարությունից միայն հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները, մասնավորապես, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարները:
Սա ուշագրավ է, քանի որ տարբեր հարթակներում տարբեր ձևաչափի բանակցությունները կարծես պայմանականորեն տարանջատված են, և ճանապարհների ապաշրջափակման հարցերով հիմնականում զբաղվում է ռուսական կողմը, աշխատանքային եռակողմ հանձնաժողովում էլ ներկայացված է հենց Ռուսաստանի փոխվարչապետը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկալումներով, բանակցություններում կողմերի միջև նոր և ավելի խորը հակասություններ չկան, որ կարող էին պատճառ դառնալ Ադրբեջանի կողմից վաշինգտոնյան բանակցությունները հետաձգելու համար․
«Չէ, հակասությունները չեն կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է, և ոչ միայն մի հարթակում։ Նման տենդենց ես չեմ տեսնում։ Մեզ մոտ տրամադրվածությունը հետևյալն է, որ մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք, և եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը, եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, այդ ճանապարհը ինչ էլ ուզում է լինի, միևնույն է անիմաստ է լինելու։ Լավ կլինի, որ ադրբեջանական կողմը այս ամեն ինչը հասկանա։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ուզում է իրավիճակից հնարավորինս շատ ստանալ։ Իրենք ենթադրաբար չեն ուզում, պայմանական ասեմ, այն սխալները, որ մենք 90–ականների սկզբին ունեցել ենք, իրենք կրկնեն։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, իրենց սխալներն են անում, իմ գնահատմամբ, և շատ բան հաշվի չեն առնում։ Բայց դա պատմությունը ցույց կտա, դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է»։
Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ վաշինգտոնյան հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա առաջիկայում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները համոզված են, որ Ադրբեջանը այն հետաձգեց, քանի որ այս օրերին կարևոր հյուրեր ունեն՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը՝ տիկնոջ հետ։ Այդ պայմաններում Ադրբեջանի արտգործնախարարը բացակայել չէր կարող երկրից, համոզված են խորհրդարանում՝ վաշինգտոնյան հանդիպման հետաձգման ավելի լուրջ հիմնավորումներ չտեսնելով։