Որքա՞ն է գնահատվում Հայաստանի անվտանգության ռիսկը․ ներդրողներին սահմանային լարվածությունը չի խանգարում
Խորհրդարանում շարունակվել են 2022-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումները։ Գերատեսչությւոնների ղեկավարներն ու իշխանական պատգամավորները արձանագրված հաջողություններն են ներկայացրել, ընդդիմությունը՝ մտահոգություններն ու ռիսկերը։ Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերությունում հաջողություններ է ունեցել, ինչը նկատել է նաև հակառակորդը՝ արձանագրել են ԱԺ–ում։ Այստեղ գնահատել են նաև Հայաստանի անվտանգության ռիսկերն ու ներդրումային միջավայրը։
Որքա՞ն է գնահատվում Հայաստանի Հանրապետության անվտանգության ռիսկի չափն ու ի՞նչ ազդեցություն են ունենում սահմանային միջադեպերն ու թշնամու հրահրած սադրանքները Հայաստանի ներդրումային միջավայրի ու ֆինանսական շուկայի վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արվծիկ Մինասյանը ԿԲ նախագահին հիշեցնում է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ երկու օր առաջ թշնամու կրակոցների ու վիրավորված երկու օտարազգիների մասին։
Մարտին Գալստյանի պատասխանը հուսադրող է․
«Հարակից ազդակներ կան այս պահին Հայաստանի ֆինանսական շուկայում, որ երևի թե պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրումներ են իրականցնում հայկական պարտատոմսային շուկայում։ Խոսքը եվրոբոնդերի մասին չէ, այլ դրամով արտահայտված։ Կարող ենք նաև դատողություններ անել անվտանգության մասին նրանց մոտեցումներից։ Կարծում եմ, որ պատճառը, որ ներդորղները Հայաստանում են, քանի որ ՀՀ-ն իրականացնում է ճիշտ, բալանասավորված մակրոտնտեսական քաղաքականություն»։
Ըստ գլխավոր դրամատան տնօրենի՝ կայուն է նաև Արցախի ֆինանսական շուկան։ Արդեն կես տարի շրջափակված Արցախում, ըստ Մարտին Գալստյանի, ֆինանսական խնդիրներ չկան։ Նա կրկին Արծվիկ Մինասյանի հարցին է պատասխանում․
«Ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե լինում են խնդիրներ շատ արագ լուծում ենք։ Իմ ունեցած տեղեկություններով, այս պահին Արցախում առնվազն ֆինանսական խնդիրներ չկան»։
Մարտին Գալստյանը խորհրդարանում 2022-ի պետական բյուջեի մասին հաշվետվության՝ ԿԲ–ի եզրակացությունն էր ներկայացնում։ Մակրոտնտեսական ցուցանիշները խոստումնալից են, բայց մտահոգող երևույթներ կան՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան ու այնտեղ տիրող զարգացումները։ Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը՝ արձանագրում է Մարտին Գալստյանը։
Նրա այս կարծիքը կիսում է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը․ «Բայց գալու է այն ժամանակը, երբ հիպոթքային տոկոսների վերադարձի սերուցքը վերանալու է, մենք կանգնելու ենք իրական վճարման փաստի առաջ։ Այդ ժամանակ խնդիրները առաջանալու են։ Հետևաբար, պետք է այնպես անել, որ գները սկսեն ավելի դանդաղ աճեն, քան մարդկանց եկամուտները։ Թե չէ փուչիկը պայթելու է»։
Որքան էլ անշարժ գույքի շուկայում գրանցվող միտումները անհանգստացնող են, միևնույնն է, կառավարությունում, որպես էական հաջողություն, արձանագրում են թե՛ շինարարության ոլորտի երկնիշ աճը, թե՛ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերած քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի վճարները։ 2022–ին 29 հազար199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 հազար 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։ Մինչդեռ 2015-2022 թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 հազար 890 քաղաքացի, որոնց պետական բյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։ Էկոնոմիկայի նախարարը խոստովաում է՝ գյուղոլորտում աճը փոքր է՝ 0․4 տոկոս, բայց ակնկալում է, որ կառավարության հատկացրած 40 մլրդ դրամը կաջակցի ոլորտին։
Վահան Քերոբյանի խոսքով՝ արտահանման ցուցանիշներում աճը աննախադեպ է։ 2000-ականներին արտահանման ու ներմուծման ճեղքը 30 տոկոս է եղել․
«2022-ին պատմական ռեկորդով ենք ավարտել՝ 48․3 արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին, այն դեպքւոմ, երբ ներմուծում ՀՆԱ-ն 51․3 տոկոս էր։ Առևտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակի վրա էր։ 2023-ի առաջին եռամսյակում՝ արտահանում-ՀՆԱ հատել է 2026-ի համար նախանշված թիրախը՝ 62․6 տոկոս»։
Տնտեսական թվերն ու բյուջեն չոր փաստաթղթեր են, եթե հոգի չկա՝ արձանագրում է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը․
«Հայաստանը մտել է մի գիտափորձի մեջ, որը որևէ աշխարհ չի տեսել։ Իշխանության գլխին շարունակում է մի ուժ մնալ, որի օրոք երկիրը ծանր պարտություն է կրել։ Եթե մտել ենք այդ գիտափորձի մեջ, ապա պարտավոր է անել այն, ինչ խոստացել էր ժողովրդին, գոնե կեսը»։
Հաշվեքննիչ պալատում դրական են գնահատում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, էական խեղաթյուրումներ չեն արձանագրվել։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև բավարար տեղեկատվություն է ստացել հաշվեքննության ենթարկված մարմիններից և ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։