Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության կազմում եռօրյա աշխատանքային-ճանաչողական այցով Սինգապուրում է։ Ասիական զարգացման բանկի նախաձեռնած այցի նպատակն է լուծման այլընտրանքային մեխանիզմներին ու արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձին ծանոթանալը։ Մայիսի 27-ին, ի թիվս մի շարք հանդիպումների, հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է նաև օրենքի նախարար, ներքին գործերի երկրորդ նախարար Էդվին Տոնգիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ժամանակակից և արդյունավետ իրավական համակարգին առնչվող բարեփոխումները, անդրադարձել են արդարադատության հարցերով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ու երկկողմ գործընկերների հետ համագործակցության եղանակներին։ Գործընկերներն անդրադարձել են արդարադատության մատչելիությանը նպաստող սինգապուրյան գործիքակազմին։ Հայ պատվիրակներին է ներկայացվել արբիտրաժային և մեդիացիոն համակարգերի, թվային դատարանների և արդիական տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում առկա ձեռքբերումները։

Վեճերի լուծման առաջատար կենտրոն Սինգապուրում հայաստանյան բարձրաստիճան պատվիրակությունն այցելելու է ազգային դատարաններ, Սինգապուրի միջազգային առևտրային դատարան, Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոն, Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոն և արդարադատության իրականացմանն առնչվող մի շարք այլ կենտրոններ՝ հանդիպելու ղեկավար կազմին։ Այցի ընթացքում քննարկվելու են վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հաջողված մոդելները և դրանց կիրառման ու տեղայնացման հնարավորությունները մեր երկրում։

Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱՆ տեղակալ Տիգրան Դադունցը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն