ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի, Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի ֆեդերացիաներից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել տարբեր կառույցների համակարգված աշխատանքի և գործադրած ջանքերի համար, որոնց շնորհիվ այս տարի արդեն իսկ պատշաճ կերպով անցկացվել են տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը և կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման նախորդ փորձը, պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնել կազմակերպված՝ բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունները ևս պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ժաննա Անդրեասյանը այն կարևորել է ինչպես միջազգային մարզական քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդման, այնպես էլ խաղային մարզաձևերի մասսայականացման և տարածման տեսանկյունից:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը տեղեկացրել է՝ հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը նախատեսվում է հյուրընկալել 21 երկրի շուրջ 400 մասնակցի: Առաջնության հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում: Թիմերը մարզումները կանցկացնեն Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում:

Հայաստանի հավաքականի հանդիպումները կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն: Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Հայ-Ռուսական համալսարանի մարզադահլիճում:

Նիստի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, մրցաշարերի անվտանգային հարցերի ապահովման, շտապ օգնության ծառայության, ինչպես նաև գույքային համալրման հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև կազմակերպչական մի շարք այլ հարցերի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն