Մխչյան գյուղում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կառույցի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում, կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասի (Արարատի մարզ, գյուղ Մխչյան) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Աշխատանքը դադարեցնելու հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի արձանագրված խախտումներն են: Այսպես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցման հնարավորությունը,
- չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքներ,
- չի ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունից, արտադրական շինությունների մակերևույթին ժանգի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,
- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահման համապատասխան պայմանները,
- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, աշխատանքային համազգեստի համար կախիչներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ,
- արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Անհատ ձեռնարկատեր Գևորգ Սիմոնյանին հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ։